Հայաստանցի կինոռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը տեղ է գտել եվրոպական ամենահեղինակավոր IDFA կինոփառատոնի մրցութային ցանկում։
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ռուս սցենարիստ եւ կինոռեժիսոր, վավերագրական աշխատանքների «Охота за реальностью» ստեղծագործական մրցույթի հիմնադիր Մարինա Ռազբեժկինան։
«Հիշո՞ւմ եք, Ֆեյսբուքում գրել էի երիտասարդ հայ ռեժիսորի մասին, որը բողոքում էր իր դժվար ճակատագրից. «Աշխատում եմ, լալիս եմ եւ աշխատում, լալիս եմ եւ աշխատում»։ Երեք տարի նա նկարահանել ու մոնտաժել է իր առաջին ֆիլմը, եւ ահա եվրոպական գլխավոր փառատոնի գլխավոր մրցույթում է»։
Ռազբեժկինան Շողակաթ Վարդանյանին հանդիպել է անցած տարի Դիլիջանում, որտեղ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ վավերագրողների համար անցկացնում էր իր հերթական doctrain-ը։
«Շողը ցնցող նյութ ուներ՝ շատ զգայական եւ ամենեւին ոչ սենտիմենտալ։ Նա միայնակ էր աշխատել, նկարահանել էր այֆոնով ու դրանով էլ արձանագրել ձայնը»,- գրում է Մարինա Ռազբեժկինան։
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը նկարահանվել է իր ընտանիքի համար ծայրահեղ ողբերգական իրավիճակում։ Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող եւ երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։
Շողակաթը որոշում է արձանագրել իր եւ ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
Շողակաթը շարունակում է նկարահանել, եւ արդյունքում ստեղծվում է IDFA փառատոնին մասնակցող ֆիլմը, որը վերնագրի փոխարեն կրում է ռազմական գործողության ընթացքում անհայտ կորած զինվորի մարմնի համարը՝ 1489։
«Դժվար է լինել երիտասարդ ռեժիսոր։ Մեծերը, փորձառուներն ու խելոքները խորհուրդներ են տալիս։ Բայց ես տեսա, թե ինչպես է նա դիմադրում եւ անում այն, ինչ ինքն է գտնում հարկավոր։ Խառնվա՛ծք կա։ Հարգում եմ»,- գրում է Մարինա Ռազբեժկինան։
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել IDFA փառատոնի էջում։