ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի՝ Վաշինգտոնի ժամանակով երեկոյան ժամը 8-ին (Եվրոպայում՝ գիշերը), ամերիկացի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձով հանդես կգա Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող երկու պատերազմների վերաբերյալ։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը, Բայդենը կխոսի ԱՄՆ գործողությունների մասին՝ կապված «Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունների եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող դաժան պատերազմի հետ»։
Ամերիկացի առաջնորդները նման կոչեր են անում միայն արտառոց հանգամանքների առնչությամբ։ 2003 թվականին այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը, դիմելով իր հայրենակիցներին, նրանց տեղեկացրել է Իրաք ԱՄՆ-ի մոտալուտ ներխուժման մասին: 2015 թվականին Բարաք Օբաման ամերիկացի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում խոսել է Սան Բերնարդինո քաղաքում իսլամիստների իրականացրած ջարդերի մասին, որոնց զոհ է դարձել 14 մարդ, իսկ 24-ը՝ ծանր վիրավորվել։ 2020 թվականի մարտին Դոնալդ Թրամփն իր ուղերձում հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի միջոցների մասին։