ԱՄՆ Գլխավոր շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին Հովարդի համալսարանում հայտարարել է, որ աշխարհը թեւակոխում է հնարավոր միջազգային անկայունության շրջան, որին նպաստում են Չինաստանի աճն ու վտանգավոր տեխնոլոգիաների առաջ գալը:
Միլին շեշտել է, որ Չինաստանի վերելքը փոխում է տասնամյակներ հաստատված ստատուս քվոն, երբ ԱՄՆ-ն, ըստ էության, անվիճելի գլոբալ ռազմական, քաղաքական եւ տնտեսական գերտերություն էր:
Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն ուղեկցվում են ռոբոտաշինության, արդիական զենքերի զարգացման, արհեստական բանականության եւ այլ տեխնոլոգիական նորամուծություններով:
«Դրանք ծայրաստիճան կործանարար են եւ կարող են վճռորոշ լինել պատերազմների ընթացքում»,- նշել է Միլին:
Ամերիկացի գեներալը ներկա դարաշրջանը համեմատել է համաշխարհային պատմության այլ աշխարհաքաղաքական զարգացումների հետ՝ ներառյալ Հռոմեական կայսրության անկումը եւ Խորհրդային Միության փլուզումը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի հակամարտության ցանկացած դրսեւորման, որը նման չի լինի Պենտագոնի տարիներ ի վեր վարած նախկին առճակատումներին: