ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ ահաբեկիչներն ու բռնակալները հաղթեն, եւ հետեւաբար պարտավոր է օգնել Իսրայելին եւ Ուկրաինային ՀԱՄԱՍ-ի եւ պուտինյան Ռուսաստանի դեմ առճակատման հարցում։
Ուկրաինային եւ Իսրայելին տրամադրվող ֆինանսական օգնությունը Բայդենն անվանել է «խելամիտ ներդրում», որն ապագայում դիվիդենտներ կբերի նոր սերունդներին: ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ այդ երկու պատերազմող երկրներին՝ Ուկրաինային եւ Իսրայելին, ռազմական եւ ֆինանսական աջակցություն ցույց տալը կենսական նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։
Անդրադառնալով Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությանը, ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի կարող հրաժարվել խաղաղության հասնելու փորձերից։ «Ե՛վ Իսրայելը, եւ՛ Պաղեստինը արժանի են ապրել անվտանգ, արժանապատվության զգացումով եւ խաղաղության մեջ», — ասել է Բայդենը։ ԱՄՆ առաջնորդը միաժամանակ Իսրայելի իշխանություններին կոչ է արել «չկուրանալ կատաղությունից»։
Ջո Բայդենը հեռուսաուղերձում միաժամանակ շեշտել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Ռուսաստանի հետ ռազմական բախման չի ձգտում: