Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը բողոքի ցույց անող ղարաբաղցիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ:
Շահրամանյանն ասել է, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Նա հավելել է, որ այդ թեմայով խոսելու է Հանրային հեռուստատեսության եթերում: «Առաջիկայում ես այս բոլոր հարցերին կանդրադառնամ»,- ասել է նա՝ նշելով, որ իր հրամանագիրն ընդունել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով:
«Ամեն ինչի մասին պատրաստ եմ խոսելու, ունենք եւս մի հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, եւ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն, ինչի համար ինձ մեղադրում եք կամ ինչ հարցեր մեզ ուղղում եք»,– նշել է Ղարաբաղի վերջին նախագահը։