Քրեական գործեր են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների նկատմամբ, որոնք, շեղվելով տրամադրված կոորդինատներից, խախտել են Արաքս գետի հունը, արդյունահանել պետական սեփականության լեռնային զանգված:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության` դրա հետեւանքով վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո՝ էական վնաս պատճառելով պետության շահերին:
Մասնավորապես՝ «Արեւ Սյուզի» ՍՊԸ–ն արդյունահանել է 2748 խմ լեռնային զանգված՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 359 հազար դրամի վնաս։ «Սարգիս եւ Պապ» եւ «Սերտիգ» ՍՊԸ–ներն արդյունահանել են 63 հազար 834 խմ ծավալով լեռնազանգված: ՍՊԸ-ները պետությանը պատճառել են համապատասխանաբար՝ 5 միլիոն 126 հազար եւ 4 միլիոն 892 հազար դրամի գույքային վնաս: