«Ընտանիքս Արցախից երկու անգամ է բռնագաղթել․ առաջին անգամ՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Շուշիից, երկրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից»,- պատմում է շուշեցի Ստելլա Աբրահամյանը։
2020-ի սեպտեմբերի 28-ին, երբ Ստելլան մոր, եղբոր ու քրոջ հետ տեղահանվել է Շուշիից՝ տեղափոխվելով Արարատի մարզի Այնթապ գյուղ, հայրը դեռ կռվում էր։ Նա կամավոր էր, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին։ Այնթապում երեք ամիս բնակվելուց հետո Ստելլայի ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ։
«Ավագ քույրս ամուսնացավ։ Նա էլ էր Ստեփանակերտում ապրում։ Մենք այնտեղ տուն ունեինք․ ես, եղբայրս ու մայրս մեր տանն էինք ապրում։ Ճիշտ է, Շուշին չէր, բայց Արցախն էր։ Մենք չէինք ուզում Արցախից հեռու լինել, ուզում էինք ապրել այնտեղ, բայց, ցավոք, երկրորդ անգամ տեղահանվեցինք՝ եկանք Աբովյան քաղաք»,- պատմում է Ստելլան։
Այժմ Ստելլան սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի ագրոբիզնես բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում։
Դեռ Ստեփանակերտում, երբ շրջափակման մեջ էին, Ստելլան փոքրիկ բիզնես է հիմնել․ հագուստ, գլխարկ, ձեռնոց, պայուսակ, հերակալ ու այլ իրեր է գործում։ Հիմա գործը շարունակում է Աբովյանում։ Հայաստան տեղափոխվելուց հետո դեռ շատ պատվերներ չունի, բայց հույս ունի՝ առաջիկայում կլինեն։
«Գործել սովորել եմ ութ տարեկանում, բայց միայն 2023-ին որոշեցի այսպիսի գործ սկսել։ Գործելիս աշխարհից կտրվում եմ, մտքերս խաղաղվում են։ Բացի այդ՝ ուսմանս հետ այս աշխատանքը համատեղելն ավելի հեշտ կլինի»,- ասում է Ստելլան։
Մայրը հաշվապահ է։ Արցախում ապրելիս մանկապարտեզում էր աշխատում։ Ստելլան հույս ունի, որ շուտով նա էլ կկարողանա աշխատանք գտնել։
Երկու անգամ տեղահանված Ստելլան լավատես է․ «Հույս ունեմ՝ դեռ վերադառնալու ենք Արցախ եւ ապրելու ենք Շուշիում»։
Ստելլայի պատրաստած աշխատանքները գնելու համար կարելի է նրան զանգահարել 097 57 10 15 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։