Հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը:
Նախարարները.
- Հաշվի առնելով երկրների միջեւ փոխադարձ շահերի եւ բարիդրացիական հարեւանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարեւորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի եւ մարդու իրավունքների հարգման կարեւորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:
- Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարեւոր հարցերը եւ ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարեւորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու եւ տարածաշրջանի այն երկրների միջեւ փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։
- Կարեւորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության եւ տարածաշրջանի կայունության վրա։
- Ընդգծել են մշակութային համագործակցության, մարդկանց միջեւ շփումների եւ կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարեւորությունը:
- Տեւական խաղաղության եւ տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ եւ բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
- Ողջունել են տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:
- Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար:
- Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
- Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարին` լավ ընդունելության եւ այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության եւ համագործակցության միջավայրի ընդլայնման եւ ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացվելու է Թուրքիայում: Անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով: