Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի (նախկին Twitter) իր գրառման մեջ անդրադարձել է հոկտեմբերի 23-ին Փարիզում ստորագրված հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին համաձայնագրին: Նախարարը իբրեւ համաձայնագրի առանցքային կետեր նշել է 2023-ի հունվարին Պաշտպանական առաքելության բացումը, ֆրանսիացի ռազմական սպայի գործուղումը ՀՀ պաշտպանության նախարարություն, ինչպես նաեւ 3 GM200 ռադարների ձեռքբերման եւ հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին պայմանագրի ստորագրումը։
Սեբաստիան Լըկորնյուն կարեւորել է նաեւ «Միստրալ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ մտադրությունների ստորագրումը, հայկական օդային պաշտպանության համակարգի առաջիկա աուդիտը, ինչպես նաեւ սպայական եւ ենթասպայական ուսումնական հաստատությունների համագործակցությունը։ Ֆրանսիացի նախարարը վերջում առանձնացրել է, մասնավորապես, լեռնային մարտերի եւ ճշգրիտ հրաձգության վայրերում օպերատիվ ուսումնական ջոկատների ուսուցումը: