Գյումրեցի եւ Գյումրի այցելած գրասեր հասարակությունը «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում ուսաումնասիրում էր ձեռակերտ գիրքն ու տառը, գեղագրության պատմությունը։
Նախագիծը երրորդ անգամ իրականացվում էր Գյումրիի «Գալերի 25» պատկերասրահի եւ Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։
Անցկացվեցին ցուցադրություններ, տառատեսակների բացահայտումներ, վարպետաց դասեր, որոնց առանցքը ձեռագիրն էր: Մասնակիցները ծանոթացան գրի պատմությանն ու դրա ժամանակակից դրսեւորումներին։
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա-3» միջոցառումների շարքը բացեց նկարիչ, գեղագիր Ռուբեն Մալայանը՝ «Ուտոպիա եւ պարադոքս» խորագրով պաստառների ցուցադրությամբ: Ցուցահանդեսին հաջորդեց արվեստագետի հետ հանդիպում-հարցուպատասխանը, դասախոսությունների շարքը:
Մալայանը ցավով նշեց, որ գրելու եւ գրչի մշակույթը տեղը զիջել է ստեղնաշարին, դրա բացասական հետեւանքները մենք շատ շուտով զգալու ենք: Արվեստագետը հորդորեց անկախ ամեն ինչից չդադարել ձեռագիր գրելուց, որ ձեռքի եւ ուղեղի կապը չկտրվի, եւ օրինակ բերեց՝ ձեռքով գրվածը դաջվում է հիշողության մեջ:
«Մեր այբուբենը մաթեմատիկայի, փիլիոփայության հետ խոր կապ ունի: Մաշտոցյան այբուբենը մաթեմատիկական սխեմա է, դա հասկացել է Անանիա Շիրակացին եւ կիրառել այն մաթեմատիկական գիտական աշխատանքներում»,- անդրադառնալով հայկական գրին՝ ասաց նա:
Նախագծի հաջորդ օրը նշանավորվեց երեք կարեւոր միջոցառումներով: Նախ բացվեց երիտասարդ նկարչուհի Անի Առաքելյանի «Հասցե չգտած նամակ» խորագրով ցուցահանդեսը. ձեռագրի տարրերով գործերի շարք՝ ազդված գերմանացի նկարչուհի Էմմա Հաուքի ստեղծագործություններից: Անին պատմեց իր ներշնչանքի պատմությունը, ըստ որի՝ հերոսուհին հոգեկան հիվանդության պատճառով մեկուսացվել է եւ այդ ընթացքում նամակներ է գրել իր սիրեցյալին: Կրճատելով նամակների բովանդակությունը՝ Էմման հսկայական նամակաշար է ստեղծել՝ գրելով միայն ՝ «Սիրելի՛ս, արի՛»: Նամակները հասցեատիրոջը չեն հասել, բայց դարձել են կալիգրաֆիայի յուրօրինակ նմուշներ:
Ցուցահանդեսին հաջորդեց գերմանացի արվեստագետ Հայնց Ֆերբերտի «Հայոց այբուբեն» խորագրով կալիգրաֆիայի նմուշների ցուցադրությունը, որից հետո գյումրեցիների շրջանում արդեն ճանաչված եւ սիրված արվեստագետը համանուն վարպետաց դասը վարեց՝ հայոց այբուբենի տառերին նոր ձեւ ու երանգ հաղորդելով:
Հայոց տառերով կերպարների ստեղծման մասին բովանդակալից վարպետաց դասով էլ գյումրեցի արվեստագետ, նկարիչ-պատկերազարդող Վահան Թոփչյանը հանդես եկավ, թեման «Տառ-կերպարն» էր: Թոփչյանական յուրօրինակ մոտեցումը հայոց տառերին առավել գունեղ ու խոսուն տեսք հաղորդեց:
Ճապոնացի նկարիչ Կունիտո Նագաոկայի Արվեստանոց N խմբի «Եռապատում» ձեռակերտ գրքի ցուցադրությամբ մեկնարկեցին նախագծի չորրորդ օրվա միջոցառումները: Ցուցադրությանը հաջորդեց Ռոզա Հովհաննիսյանի «Գիրը որպես հոգեւոր հաց» խորագրով դասախոսությունը հայ գրի բազմագործառութային նշանակության շուրջ:
Օրվա ավարտին արվեստագետ, «Վառեմ-Մարեմ» արվեստի ստուդիայի հիմնադիր Միքայել Վարդպարոնյանն անցկացրեց կավագործության վարպետաց դաս՝ «Ընդմիշտ Գյումրիում»:
Նախագծի վերջին՝ հինգերորդ օրը տեղի ունեցավ Վանաձորի, Գյումրու եւ Կրաշեն գյուղի արվեստի կենտրոնների սաների «Ասեղնագործ այբուբեն» ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը, իսկ որպես փակման միջոցառում կայացավ Նռանէ ֆոլք-ռոք բենդի «Այբ» խորագրով համերգը:
Նախագծի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը հայկական մշակույթը արտերկրում հասանելի դարձնելը առաջնային գործ է համարում: «Մենք պարտվել ենք մշակութային դաշտում: Ամեն օր բողոքում ենք, թե թշնամին խեղաթյուրում է պատմական փաստերը, յուրացնում մեր մշակույթը, նույնիսկ Մաշտոցի գործն են կասկածի տակ դնել փորձում: Դրան դեմ գնալու մեկ միջոց կա՝ ուսումնասիրել եւ միջազգայնացնել մեր ունեցածը, հայկական մշակույթը հասանելի դարձնել դրսի ուսումնասիրողների համար»,- ասաց նա:
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա 3»-ը դեռ չավարտած՝ կազմակերպիչները հաջորդ տարվան են պատրաստվում: «Ցանկանում ենք ընդգրկել տարբեր արվեստագետների: Հարկ ենք համարում այլ մշակույթների տառարվեստը բացահայտել եւ համեմատել մեր ունեցածի հետ: Համեմատելով ու զարգացնելով ավելի շատ կգնահատենք ու կսիրենք մեր տառն ու գիրը»,- նշեց Ալեքսան Տեր-Մինասյանը:
Բազմաթիվ արվեստագետներ, ուսումնասիրողներ ամբողջ աշխարհից արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու հաջորդ՝ չորրորդ նախագծին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։