ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա հայտնել է, որ Հայաստանում հեռուստաընկերություններն ու գովազդատուները տարիներ շարունակ տուժել են TV-ների համար չափումներ կատարող եւ դրանց հիման վրա վարկանիշ ձեւավորող ընկերության գործունեությունից:
Պատգամավորը նշել է, որ միջազգային գովազդատուներն իրենց գովազդային գումարներն ուղղել են կոնկրետ հեռուստաընկերությունների` հաշվի առնելով դրանց վարկանիշներ տված կազմակերպության չափիչ տվյալները:
Ըստ Գաբրիելյանի՝ նախագծի հաստատման դեպքում պարտադիր պայման կլինի հանրային մուլտիպլեքսի կեսից ավելի հեռուստաընկերությունների (50+ %-ը) համաձայնությունը: Հեռուստաընկերություններն իրենք կստեղծեն ինքնակառավարվող խորհուրդ, որը կընտրի չափումներ կատարող կազմակերպությանը եւ կվերահսկի այն։
Ընտրված կազմակերպությունը կպարտավորվի բոլոր տվյալներն անվճար տրամադրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: