Իսրայելը, ի դեմս Քնեսեթի պատգամավոր եւ ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպան Դանի Դանոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել հրաժարական տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արած հայտարարությամբ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացնելու համար։
Գուտերեշը, մեկնաբանելով Իսրայելի իրադարձությունները, հայտարարել էր, որ «Համասի հարձակումը հենց այնպես չի եղել»։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խայտառակ ելույթն ապացուցեց, որ նա ամբողջովին կտրված է իրականությունից, եւ խեղաթյուրված է տեսնում մեր երեխաներին սպանողների՝ ՀԱՄԱՍ-ի ձեռնարկած կոտորածը։ Նրա հայտարարությունը ահաբեկչության եւ սպանության արդարացում է։ Ցավալի է, որ Հոլոքոստից հետո ստեղծված կազմակերպության ղեկավարը նման հայացքներ ունի»,- ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը։
Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենն էլ գրել է, որ մտադիր չէ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 7-ից հետո այլեւս «հավասարակշռված» մոտեցումներ չեն կարող լինել, եւ ՀԱՄԱՍ-ին միայն մի բան է սպասում՝ «ջնջվել երկրագնդի երեսից»։