«Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ զորքերի սպան անձնագիրս ստուգելիս զարմացած հարցրեց. «Կոտ դ’Իվուա՞ր, սա որտե՞ղ է»:
— Արեւմտյան Աֆրիկայում,- անքնությունից հոգնած՝ քրթմնջացի ես:
— Հմմ, համակարգում դուք մեր առաջին քաղաքացին եք, որ Հայաստանից այդ երկիր է մեկնում, ձեզ բարի թռիչք:
— Դե գոնե մի բանում առաջինը լինեմ,- փոքր-ինչ ոգեւորությամբ բարի ծառայություն մաղթելով՝ վերցրի անձնագիրս եւ առաջինը լինելու հպարտ զգացողությամբ սկսեցի մեկշաբաթյա ճամփորդությունս դեպի Կոտ դ’Իվուար:
Մեղքս ինչ թաքցնեմ, մինչ այցելելը այս երկրի անունը լսել էի բացառապես հայտնի ֆուտբոլիստ Դրոգբայի առնչությամբ, սակայն այն, ինչ տեսա ընդամենը մեկ շաբաթում, էապես փոխեց աֆրիկյան մայրցամաքի մասին կարծրատիպային մտածողությունս ու պատկերացումներս:
Այսպես ուրեմն, Փղոսկրի Ափը Արեւմտյան Աֆրիկայի ռեսուրսներով հարուստ, առավել զարգացած երկրներից է` Ատլանտյան օվկիանոսի խոշորագույն նավահանգիստ՝ Աբիջան քաղաքով: Ընդամենը 30 միլիոն բնակչությամբ այս երկիրը կակաոյի համաշխարհային պաշարների 40%-ի տերն է: Սուրճ, ոսկի, օֆշորային գազ, նավթ, միներալներ եւ բնական այլ ռեսուրսներ, գյուղատնտեսություն, բայց… փղերի ու փղոսկրի ոչ մի նշույլ:
Փղերն ու փղոսկրը մնացել են բացառապես երկրի անվանման մեջ ու գերբի վրա: Աֆրիկյան շատ երկրների նման այստեղ եւս վերջին մի քանի հարյուրամյակի եվրոպական գաղութատիրությունն իր գործն արել է, որտեղ ընդամենը վեց տասնամյակի անկախություն ունեցող Կոտ դ’Իվուարի Հանրապետությունում հետգաղութային պատմությունն առանց արյան չի անցել:
Այսու` 2010-ի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո այստեղ մեծ ներդրումներով ներկա են աշխարհի բոլոր խոշոր խաղացողները՝ ամերիկացիներ, ռուսներ, չինացիներ, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի մեծերը, ամբողջ Արեւմտյան Եվրոպան` Ֆրանսիայի գլխավորությամբ:
Մերձավոր Արեւելքից ամենաակտիվ ներկայությունը Լիբանանինն է: Լիբանանցի գործարարների ներկայության մասշտաբները հասկանալու թերեւս ամենաբնութագրական փաստն այն է, որ ֆրանսերենից ու տեղական 30-ից ավելի լեզուներից զատ հաղորդակցման երրորդ ամենաակտիվ լեզուն արաբերենի` Շամի կամ Լեւանտի (սիրիական) բարբառն է:
Փոքր Լիբանանի այս մեծ ներկայությունը Կոտ դ’Իվուարում առավելապես պայմանավորված է այդ երկրի` Ֆրանսիայի հետ ունեցած ավանդական կապերով: Գործոն է նաեւ, թերեւս, այդ երկրի կրոնադավանական պատկերը` 50/50 քրիստոնյա-մուսուլման համամասնությամբ: Այսպես՝ երկրի մայրաքաղաք Յամուսուկրոում է գտնվում չափերով աշխարհի ամենամեծը համարվող կաթոլիկ եկեղեցին, մինչդեռ մեծ քաղաքների տարբեր հատվածներում վաղ առավոտից նամազի կանչող ազանն է հնչում:
Հասարակածից հարավ, մերձարեւադարձային խոնավ կլիմայով ու գրեթե ամենօրյա անձրեւներով Կոտ դ’Իվուարում գյուղատնտեսական ահռելի ռեսուրս կա: Ցուրտը սիրող կարտոֆիլից ու խնձորից բացի՝ այստեղ աճում է գրեթե ամեն ինչ, ընդ որում` տարվա ընթացքում բերքահավաքի բազմակի հնարավորություններով: Գետերի, ջրերի, օվկիանոսի բարեբեր հոսքերն իրենց ծավալներով օգտագործողի են սպասում, ինչի մասին է վկայում այն իրողությունը, որ գյուղմթերքի մի զգալի քանակ դեռեւս ներմուծվում է (ի դեպ, մի մեծ մասը՝ կրկին Լիբանանից):
Աբիջանում է տեղակայված Աֆրիկյան զարգացման բանկը: Սա Համաշխարհային բանկի, Եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերի մոդելավորմամբ խոշոր ֆինանսական ինստիտուտ է` 81 պետությունների ներգրավմամբ: Անդամ պետությունների շարքում բացի 54 աֆրիկյան երկրներից ներկա են աշխարհի խոշորները՝ ԱՄՆ-ից միչեւ Արգենտինա, եվրոպացիները՝ Գերմանիայով, Ֆրանսիայով, Նորվեգիայով, Հոլանդիայով, Բելգիայով ու Լյուքսեմբուրգով, Թուրքիան, Հնդկաստանն ու Չինաստանը գործուն շահառուներ են աֆրիկյան երկրներին պետական վարկեր տրամադրող խոշորացող կառույցում:
Ի դեպ, աֆրիկյան ֆինանսական այս ակումբին չի անդամակցում Ռուսաստանը, որը, սակայն, ինչպես հայտնի է, Կոտ դ’Իվուարին սահմանակից, ահաբեկչության հաբ համարվող Մալիում մասնավոր զինյալների` Վագների միջոցով է «պաշտպանում» ազատատենչ աֆրիկյան ժողովուրդների պայքարն արեւմտյան գաղութատերերի դեմ:
Բնական ռեսուրսներով, աշխարհագրական դիրքով, կայունությամբ եւ տնտեսական աշխուժությամբ պայմանավորված՝ Կոտ դ’Իվուարը ոչ միայն աֆրիկյան, այլեւ աշխարհի առավել արագ զարգացող տնտեսությունն է համարվում: Կակաոյի եւ հնդկական ընկույզի արտահանմամբ կրկին առաջատարն է աշխարհում, դե իսկ աֆրիկյան 54 երկրների շարքում առավել արագ աճող բնակչությունն ունի:
Ֆրանկոֆոնիայի առավել ակտիվ անդամ պետություններից է՝ շարունակվող խոր կապերով Ֆրանսիայի հետ: Արեւմտյան Աֆրիկայում էական քաղաքական դերակատար լինելով՝ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության համար բաց է միջազգային խաղացողների համար:
Հայաստանն այս պահին Աֆրիկյան մայրցամաքում ունի միայն մեկ գործող դեսպանություն Կահիրեում: Եգիպտոսից զատ՝ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների մի մասի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք, սակայն դեսպանի նստավայրը Երեւանում է:
Աֆրիկայում մեր բնական գործընկեր, խոշոր խաղացող Եթովպիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ընդամենը մի քանի տարի առաջ: Հայտարարվեց Ադիս Աբեբայում դեսպանություն բացելու մասին, ինչը լավ է: Սակայն Արեւմտյան` հատկապես ֆրանկոֆոն Աֆրիկան իր հսկայական հնարավորություններով Հայաստանի համար պարապ հող է մնում: Այս տարածաշրջանի երկրների մեծ մասի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։
Արեւմտյան Աֆրիկայում գործելու լայն ասպարեզ կա, ինչը կարելի է սկսել բիզնես հետաքրքրություններով, ինչո՞ւ ոչ` օգտագործելով հենց Ֆրանկոֆոնիայի հարթակի հնարավորությունները:
Անկախությունից ի վեր Հայաստան-Աֆրիկա կապերը հակասական են եղել. պետական հեղաշրջմանը մասնակցելու համար մեղադրվող ՀՀ քաղաքացի օդաչուներից (Հասարակածային Գվինեայի միջադեպը) մինչեւ առյուծին հեծած նախկին որսորդ նախագահն ու ադամանդի հումքի մեջ ներդրում անող օլիգարխ պաշտոնյաներ:
Ֆրանսախոս Աֆրիկայում մի կարեւորագույն ուղղությամբ, սակայն, հիմքեր դրվել են: Դա Ֆրանկոֆոնիայի ձեւաչափում Հայաստանի կապերն են աֆրիկյան երկրների հետ, ինչի համար արդարացիորեն գնահատանքի է արժանի նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի ավանդը:
Ֆրանկոֆոնիայի ստեղծած հնարավորությունները չպետք է սահմանափակվեն Ֆրանսիայի հետ արդեն իսկ առկա բազմաբեւեռ հարաբերություններով: Այս ձեւաչափն աշխատանքի հսկայական դաշտ է ստեղծում հատկապես մեզ նվազ հայտնի Արեւմտյան Աֆրիկայում, որտեղ Կոտ դ’Իվուարը կարող է դառնալ Հայաստանի համար առանցքային գործընկեր:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։