Հայաստանի պատմության թանգարանում Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ համատեղ կազմակերպվել է «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված է դերասան, լուսանկարիչ, արվեստագետ, մամուլի գործիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։
Այն լուսաբանում է նաեւ նրա որդիների՝ Արա եւ Արտաշես Վրույրների նույնքան արժեքավոր գործունեությունը:
Փաստավավերագրական կարեւոր նշանակություն ունեցող այս ցուցադրությունը ներկայացնում է 19-20-րդ դարերի հնագիտական լուսանկարչության մեջ եւ միաժամանակ թատրոնում իրենց ուրույն տեղն ունեցած հայ ընտանիքի՝ Վրույրների կյանքը, աշխատանքները եւ նրանց հետքը հայ իրականության մեջ:
Ցուցադրված են ավելի քան 200 բնօրինակ առարկաներ՝ արխիվային լուսանկարներ, հուշային իրեր, Վրույրների ձեռքով Անիից փրկված մասունքներ, վավերագրական կարեւոր եւ եզակի նմուշներ, փաստաթղթեր:
Հատկանշական է, որ թե՛ Պոլսում 1863 թվականին ծնված Արամ Վրույրը, թե՛ Թիֆլիսում 1890-ականներին ծնված նրա երկու որդիներն ամբողջ կյանքում նույն ասպարեզներում են գործել՝ թատրոնի եւ վավերագրական լուսանկարչության:
Այս ցուցահանդեսն իր ձեւով նաեւ կորստի ու ցավի մասին է, երբ տեսնում ենք, որ Վրույրների պատկերած բազմաթիվ հուշարձաններ, կոթողներ այսօր չկան, գոյություն չունեն:
Լուսանկարիչ, լրագրող, հետազոտող, թատերական գործիչ․․․
Արամ Վրույրը (իսկական մականունով՝ Մաքասճյան) ծնվել է Սկյուտարում: Ուսումը ստացել է ծննդավայրի ճեմարանում: Հազիվ 16 տարեկան էր, երբ ծնողները գաղթում են Կովկաս, որտեղ շուտով նա նվիրվում է բեմին: Բեմական գործունեությունը սկսել է 1882 թվականին Թիֆլիսում: Աշխատել է Թիֆլիսի, Բաքվի թատերախմբերում, հանդես եկել նաեւ Ռուսաստանի, Անդրկովկասի հայաշատ վայրերում։
Արամ Վրույրը հայտնի էր իբրեւ կատակերգակ դերասան, բայց անձնավորել է նաեւ այլ բնույթի կերպարներ, խաղացել ողբերգական եւ այլ ժանրերի ներկայացումներում:
1890 թվականին Պոլսում արեւմտահայերենի է փոխադրել եւ բեմադրել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն՝ ինքն էլ խաղալով գլխավոր դերը։ 1895-ին Թիֆլիսում առաջին անգամ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը, «Մեծապատիվ մուրացկաններ»-ը՝ անձնավորելով գլխավոր հերոսներին։
Բեմական ու գրական, լրագրական գործունեությանը զուգընթաց Արտաշես Վրույրը շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ: Այդ ժամանակ լուսանկարչությունը նոր իրողություն էր, եւ նա յուրացրել էր դրա բոլոր հմտությունները:
Լուսանկարչության մեջ այս շատ կարեւոր ճյուղին նա հետեւել է ընդամենը մեկ տարի, ուսուցիչը եղել է Հովհաննես Քյուրքչյանը, որ հայ իրականության մեջ պատմական հուշարձանների լուսագրման գործի հիմնադիրն է համարվում: Հովհաննես Քյուրքչյանից, սակայն, շատ գործեր չեն պահպանվել, փոխարենը Արամ Վրույրն իր գործով ո՛չ միայն լրացրել է այդ պակասը, այլեւ պատմական հուշարձանների լուսանկարչությունը հասցրել բարձր մակարդակի:
Երբ 1892 թվականին վրացի հնագետ, հայագետ Նիկողայոս Մառը ոտք դրեց Անի, Արամ Վրույրն արդեն այնտեղ էր: Անիում նրանց միջեւ աշխատանքային կապ է հաստատվում, որը դադարում է 1917 թվականին, երբ Անին անմատչելի դարձավ մեր հնագիտության համար:
Անիի աշխատանքներից զատ Արամ Վրույրը Մառի հանձնարարությամբ, որպես հնագետ-լուսանկարիչ, գործուղվում է Հաղպատ, Սանահին, Թալին, Խոշավանք, Արգինա, Հին Ջուղա եւ այլ վայրեր, որտեղ նույնպես կատարում է զգալի լուսանկարահանումներ:
Արամ Վրույրի լուսապակիների մեծ ժողովածուն 1909 թվականին փոխադրվում է Պոլիս՝ հրատարակության նպատակով, բայց ինչպես նրա որդին՝ Արտաշես Վրույրն է նշել իր գրություններում, նյութական արգելքները, այնուհետեւ պատերազմը դրանց անհետացման պատճառ են դառնում: Ժողովածուի՝ Կովկասում մնացած մասը, որի մեջ էր Հին Ջուղայի լուսագիրների մեծ մասը, պահվում է Արտաշես որդու մոտ: Հին Ջուղայի խաչքարերի հուշարձանախումբն այլեւս գոյություն չունի. ադրբեջանցիներն այն ոչնչացրել են, հողին հավասարեցրել, իսկ այդ ժառանգության մասին մենք գիտենք միայն լուսանկարներով, որոնց մեծ մասն արել է Արամ Վրույրը:
Վրույրի աշխատանքների մի մասն էլ Անիի գիտարշավի բազմաթիվ նյութերի հետ կորել է 1917 թվականին: Մեկ բեռնատար կազմող այդ նյութերը, որոնք Թիֆլիս էին ուղարկվել՝ տեղի պատմահնագիտական հիմնարկում վերամշակելու նպատակով, ինչ-ինչ հանգամանքների բերումով այդպես էլ տեղ չեն հասել:
Արտաշես Վրույրը մահացել է 1924 թվականին Թիֆլիսում։ Նրա մարմինն ամփոփված է Խոջիվանքի հայ մեծերի գերեզմանատանը, բայց 1938-ին գերեզմանատան բազմաթիվ դամբարանների հետ ոչնչացվել է Խորհրդային Վրաստանի իշխանությունների հրահանգով:
Որդիները՝ հոր ճանապարհով
1917 թվականին Անիի պեղումների վերջին՝ 16-րդ գիտարշավում Արամ Վրույրին փոխարինել է որդիներից Արտաշես Վրույրը (ծնված 1897 թվականին): Մանուկ հասակից հետեւելով հնագիտական լուսանկարչությամբ զբաղվող հոր գործին՝ նա վաղ տարիքից մասնակից է եղել դրան: 1912 թվականին Արամ Վրույրն իր հետ Անի է տանում Արտաշես որդուն՝ որպես կրտսեր գործընկերոջ: Մառի կողմից որդին ստանում է առաջին առաջադրանքը՝ լուսանկարել Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտակայքում պեղված եկեղեցու դռան ճակատի արձանագրությունը:
1915-1917 թվականներին Արտաշես Վրույրը որպես լուսանկարիչ մասնակցել է Նիկողայոս Մառի պեղումներին, Հովսեփ Օրբելու եւ այլ հնագետների արշավախմբերին։ 1926 թվականին Հուշարձանների պահպանման նորաստեղծ կոմիտեի գիտական քարտուղար Աշխարհաբեկ Քալանթարի հրավերով Բաթումից տեղափոխվել է Երեւան եւ ընդգրկվել Սեւանի գիտարշավի մեջ որպես լուսանկարիչ։
1941 թվականին Արտաշես Վրույրը զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո՝ 1950-ականներից սկսած, մինչեւ 1960-ականների վերջը նա հիմնականում գործում է հնագետ-պատմաբան Սեդրակ Բարխուդարյանի գլխավորած գիտարշավների մեջ:
Պատերազմով ընդհատված կյանք
Արամ Վրույրի ավագ որդին՝ Արա Վրույրը, ծնվել է 1896 թվականին։ Ժամանակակիցները նրան բնորոշում են իբրեւ կենսախինդ, սրամիտ, կատակասեր, ուրախ անձնավորություն։ Լուսանկարել է Երեւանի Ավանի, Պտղնիի, Թարգմանչաց վանքի, Աշտարակի Կարմրավոր եւ Մարինե, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Կամսարականների Թալինի եկեղեցին եւ բազիլիկը, Սանահինի կամուրջը, Մուղնու, Հովհանավանքի, Սաղմոսավանքի, Բջնիի, Կեչառիսի, Սեւանի, Մակարավանքի, Ամաղու Նորավանքի հուշարձանները։ Նա միացել է հորը եւ լուսանկարել Ջուղայի խաչքարերը։
1930-1932 թվականներին Արա Վրույրը եղել է թատրոնի դերասան եւ այդ գործին զուգահեռ լուսանկարել է Երեւանի բնակելի տները, որոնք չեն պահպանվել: Այդ տարիների Երեւանի մասին տեղեկանում ենք նրա լուսանկարներից:
1939 թվականին պաշտոն է զբաղեցրել Երեւանի ճարտարապետության բնագավառում, սակայն պատերազմն ընդհատել է նրա կյանքը: 1941 թվականին զորակոչվել է բանակ, 1943-ին զոհվել ռուսական Նովոռոսիյսկ քաղաքի մոտ։
Արամ, Արա եւ Արտաշես Վրույրների հարուստ ժառանգությանը նվիրված այս ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բաց կլինի մինչեւ տարեվերջ:
Սկզբնաղբյուրը՝ Ստամբուլի «ժամանակ» օրաթերթ
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։