Նարինեն 2023-ի հունիսից փախլավա է թխում ու վաճառում, բայց գնորդները շատ չեն: Գինը շատ մատչելի է՝ մեկ կտորը 350 դրամ։ Նա այսպիսի գին է սահմանել, որ մարդկանց հասանելի լինի, եւ գնորդներն ավելի շատ լինեն։ Բայց փախլավայից ստացված շահույթը շատ քիչ է։
«Երեւանում մեր ազգականի տանն ենք բնակվում։ Երբեք չէի մտածի, որ կարելի է փախլավա թխել ու վաճառել։ Մի անգամ թխել էի, հարեւաններին կանչեցի մեր տուն, հյուրասիրեցի։ Խորհուրդ տվեցին փոքրիկ բիզնես սկսել, իրենց ծանոթներին ասացին․․․ ու այդպես երբեմն փախլավայի պատվերներ եմ ունենում»,- պատմում է նա։
Նարինեն դիմել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, հույս ունի, որ առաջիկայում դպրոցում աշխատանքի կանցնի։ Կարոտում է աշակերտներին, մանկավարժական աշխատանքը։
Ամուսինն ու եղբայրները Ստեփանակերտում աշխատանք ունեին, ապրում էին բարեկեցիկ կյանքով, լավ կահավորված տներում, բայց մի քանի օրում դարձան անգործ, անտուն։
Սոցիալական խնդիրները դեռ հաղթահարելի են, բայց հայրենիքի կորստին համակերպվել չի հաջողվում։
«Թո՛ղ Աստված ինձ ների, բայց հայրենիքի կորուստն ավելի ցավալի է, քան հարազատինը»,- ասում է ազատամարտիկ հորը 10 տարեկանում Արցախյան առաջին պատերազմում (1992 թվականին) կորցրած կինը։
Ո՛չ Նարինեն, ո՛չ ընտանիքի մյուս անդամները չեն կարողանում հարմարվել նոր բնակարանին, միջավայրին։ Առանց Արցախի ապրել չի լինում․․․
«Ես իրատես եմ, բայց հիմա մի լավ սպասելիք կամ հույս չունեմ։ Ցավալի է, բայց մենք պատմությունից դասեր չենք քաղում։ Գուցե տարիներ անցնեն, հետագայում ուշքի գանք, գնահատենք մեր արժեքներն ու հետ բերենք մեր Արցախը։ Այնտեղ թողել ենք մեր հարազատների շիրիմները, տները, սարերը, լեռները, հողը։ Սիրտս ցավում է, երբ պատկերացնում եմ, որ մեր հողի վրա թշնամին է քայլում․․․»,- խոսքը հուզմունքից շարունակել չկարողանալով՝ եզրափակում է Նարինեն։
Նարինեի պատրաստած փախլավան գնելու համար կարելի է զանգահարել նրան 091 23 53 16 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։