Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Փիերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ընձեռել բոլոր այն երկրներին, որոնք պատրաստ են անդամակցության եւ կկարողանան կատարել անհրաժեշտ պայմանները:
Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեւորությունը Կիեւ նպատակ ուներ հաստատելու, որ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը:
«Նրա այցը նաեւ ընդգծում է Ուկրաինայի կողմից առանցքային օրենքների ընդունման կարեւորությունը` օրենքի գերակայությունը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք կամրապնդեն Ուկրաինայի ժողովրդավարությունն ու տնտեսությունը եւ նրան կօգնեն շարժվելու դեպի եվրաատլանտյան ինտեգրացիա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Էնթոնի Բլինքենը Կիեւում իր ելույթում ասել է, որ Վաշինգտոնը հնարավոր է ավելացնի իր օգնությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի անխոհեմ եւ ագրեսիվ գործողությունների պայմաններում:
Պետքարտուղարը նաեւ նշել է, որ Բայդենը շատ կցանկանար այցելել Ուկրաինա եւ հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Բլինքենն ավելին չի ասել ո՛չ ԱՄՆ նախագահի ցանկության, ո՛չ էլ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումների մասին: