ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն իրականությանը չհամապատասխանող է որակել պնդումները, որոնց համաձայն՝ Իրանի ակտիվների ապասառեցումը Վաշինգտոնը դիտում է իբրեւ միակողմանի քայլ Թեհրանի նկատմամբ:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմն ուսումնասիրում է Թեհրանի 1 միլիարդ ակտիվները ապասառեցնելու հնարավորությունը, որը Իրանը կարող է օգտագործել մարդասիրական նպատակներով:
Ընդ որում՝ CNN-ի աղբյուրներից մեկի պնդմամբ՝ նման քայլը թերեւս կծառայի որպես Թեհրանի նկատմամբ բարի կամքի օգտակար ժեստ Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների խորապատկերում:
Իրանի միջուկային հարցերով բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկելու Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը։
Բարձրաստիճան դիվանագետը միաժամանակ պնդել է, որ առաջարկված քայլերն Իրանի համար բավարար չեն, եւ Թեհրանը ցանկանում է ավելին ստանալ։ «Բանակցությունները կշարունակվեն, քանի դեռ մենք չենք հասել մեր առջեւ դրված բոլոր նպատակներին»,- ասել է Արաքչին։
Հինգ գերտերությունների եւ Իրանի դիվանագետները երեկ 2015-ի գործարքը վերականգնելու նպատակով Վիեննայում արդեն չորրորդ հանդիպումն են անցկացրել։ Միջուկային այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սահմանափակել ուրանի հարստացումը արեւմտյան պատժամիջոցների աստիճանական չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից, վերականգնել տնտեսական սահմանափակումները, ինչին ի պատասխան` Թեհրանը ուրանի հարստացումը հասցրել էր աննախադեպ բարձր ցուցանիշների։