Հոկտեմբերի 26-ին ՌԴ-ում ուժի մեջ մտավ քաղաքացիության մասին դաշնային օրենքը: Օրինագիծը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նոր օրենքով՝ ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից։ Արտերկրում ապրելը չի դադարեցնում ՌԴ քաղաքացիությունը։
Ռուսաստանի քաղաքացին նոր օրենքով չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտար պետության։ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։
Միաժամանակ ընդլայնվել է նաեւ այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարման դեպքում Ռուսաստանի քաղաքացիությունը դադարեցվում է։ Դրանց թվում են Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունները, ինչպես նաեւ ծայրահեղականությունը, դիվերսիան, դասալքության կոչերը, բանակի մասին կեղծիքներ տարածելն ու զինված ուժերին վարկաբեկելը եւ այլն։