Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ Կատարի իշխանություններն աշխատում են պաղեստինյան արմատական «Համաս» շարժման հետ գործարք կնքելու ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի 50 պատանդի ազատել։
Կատարում հուսով են, որ նրանց կազատեն մոտ օրերս: Ըստ աղբյուրի՝ «Համասը» պահանջում է, որ պատանդներն ազատվեն միայն Գազայում կրակի դադարեցումից հետո։ Իսրայելցի զինվորականներն օրեր առաջ հայտնել էին, որ «Համասը» Գազայի հատվածում առնվազն 224 պատանդի է պահում։
Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Համասը» պատրաստ է Թեհրանին հանձնելու հոկտեմբերի 7-ին Իսրայել գրոհայինների ներխուժման ժամանակ գերեվարված բոլոր անձանց՝ բացի զինվորականներից:
««Համասը» քաղաքացիական պատանդներին կհանձնի միայն Իրանին եւ ոչ որեւէ այլ կողմի: Կատարն ու Թուրքիան միայն կհամագործակցեն այս ոլորտում եւ որեւէ այլ դեր չեն խաղա»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Ավելի ուշ Aljazeera-ն, վկայակոչելով «Համասի» ռազմական թեւի հայտարարությունը, հայտնել է պատանդների մահվան մասին: Ըստ լրատվամիջոցի՝ դա տեղի է ունեցել Իսրայելի հարվածներից հետո։ Սպանված գերիների թիվը հասել է մոտ 50-ի: