Իսրայելի իշխանությունները հետեւում են Դաղստանում իրադարձություններին եւ ակնկալում են, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն իսրայելցիներին եւ հրեաներին: Դրա մասին ասված է Իսրայելի ԱԳՆ-ի եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։
«Հույս ունենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիներին եւ հրեաներին, որտեղ էլ նրանք լինեն, եւ վճռականորեն կգործեն ընդդեմ ջարդարարների»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Flightradar կայքի՝ Red Wings-ի ինքնաթիռը Թել Ավիվից վայրէջք է կատարել Մախաչկալայում հոկտեմբերի 29-ին՝ 19:00-ին: Ըստ ռուսական «Սոտա» գործակալության՝ դա տարանցիկ չվերթ էր, ինքնաթիռը պետք է երկու ժամ անց նորից թռչեր Մոսկվա: Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ, բողոքելով Իսրայելի Թել Ավիվից ինքնաթիռի ժամանման դեմ, հակասեմական կարգախոսներ վանկարկելով եւ «Մանկասպանները Դաղստանում տեղ չունեն» գրությամբ ցուցանակը պահած, ճեղքել են ցանկապատն ու մտել թռիչքուղի եւ փնտրել են իսրայելցիների։ Ըստ Carmel News-ի՝ Իսրայելից ժամանած օդանավում եղել են դաղստանցի երեխաներ, որոնք բուժում են անցել Իսրայելում։
Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների պատճառով տուժել է ավելի քան 20 մարդ։ Նրանցից 10-ը հոսպիտալացվել են, 2-ի վիճակը ծանր է։ Ավելի քան 10 մարդ թեթեւ վնասվածքներով դիմել է ամբուլատոր բժշկական օգնության։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փակել է Մախաչկալայի օդանավակայանը ժամանողների եւ մեկնումների համար։ Ինքնաթիռներն ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Դաղստանը Ռուսաստանում մահմեդական մեծամասնություն կազմող ինքնավար հանրապետություն է, որտեղ դաշնային եւ տեղական իշխանությունները տարիներ շարունակ պայքարել են իսլամիստների ապստամբությունը զսպելու համար: Ինքնավարությունն ունի նվազող հրեական համայնք, որը հիմնականում կենտրոնացած է Դերբենտում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: