Արզումանյանների ընտանիքը, ո՛չ իր կամքով, տուն-տեղը Ստեփանակերտում թողել, Գյումրի է եկել:
25-ամյա Անգելինան գաղթի ծանր ճանապարհի մասին է պատմում. երեք երեխաների հետ, չորրորդը՝ կրծքի տակ, սոված-ծարավ, ողջ մնալու համար մաքառելով հասել են Շիրակի մարզ:
Տեղավորվել են Շիրակի հեռավոր մի գյուղում, բայց վատ պայմաններին չեն դիմացել. մեծ որդին առողջության խնդիրներ ունի, առանց հարմարությունների գլուխ չէին հանի: Սրտացավ մարդկանց եւ կազմակերպությունների աջակցությամբ Գյումրի են տեղափոխվել, վարձով բնակարան գտել, հաստատվել:
Ընտանիքի հայրը՝ Արթուրը, պատմում է, որ զինվորական է եղել, տան բարեկեցությունն ապահովել է: Շրջափակման ամիսներին, բացի օրվա հաց չունենալուց, ավելի մեծ խնդրի առաջ են կանգնել. ավագ որդու՝ 7-ամյա Ռաֆայելի համար դեղեր չեն կարողացել գտնել: Երեխան հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն ունի. ոսկորները չեն աճում:
Արթուրն ու Անգելինան մեծ հավակնություններ չունեն, ասում են՝ կաշխատենք, կապրենք, միայն երեխան բուժվի: «Ինձ բան պետք չէ, լավ մասնագետներ լինեն, որ երեխային բուժեն, մնացածը կարեւոր չէ»,- ասում Արթուրը, որ արդեն աշխատանքի համար մի քանի տեղ դիմել, պատասխանի է սպասում:
Երիտասարդ ծնողները կարեւորում են երեխաների հայեցի դաստիարակությունը: Արթուրը, որ մաշկի վրա է զգացել հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու ամենօրյա առաքելությունը, բացառում է, որ արտերկիր կգնա, երեխաներին այլ երկրում կմեծացնի: «Եթե հնարավորություն լիներ Ղարաբաղ գնալու, դա ամենացանկալի ելքը կլիներ, բայց ոչ մի դեպքում թուրքի հետ չեմ ապրի: Եթե ոչ Ստեփանակերտում, ուրեմն Գյումրիում եմ տեսնում ընտանիքիս ապագան: Երեխաս բուժվի, մնացածը լավ կլինի»,- վստահ է Արթուրը:
Նշենք, որ օրերս Tonelab-ի բարեգործական համերգների շրջանակում հայկական ժողովրդական երաժշտությունը նորովի ներկայացնող «Կաթիլ» խումբը բարեգործական համերգով է հանդես եկել, 362000 դրամ հասույթն էլ ուղղել Ռաֆայելի բուժման կարիքներին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։