Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում արդեն խմելու ջուր ունեն:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, Métropole Aix-Marseille-Provence-ի, l’Agence de l’eau Rhône-Méditerranée-Corse-ի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով վերակառուցվել է գյուղի խմելու ջրի համակարգը, եւ ապահովվել շուրջօրյա ջրամատակարարում։
Համայնքի ջրամատակարարման ներքին ցանցը կառուցվել է դեռեւս 1970-ականներին եւ ամբողջությամբ քայքայված էր, բնակիչներն օգտվում էին գյուղի միակ ջրաղբյուրը դարձած խորքային հորից:
Բնակավայրի վարչական ղեկավար Նվեր Վարդանյանը «Ալիք Մեդիային» հաղորդեց, որ մեկ շաբաթից ջրամատակարարման նոր համակարգը լիարժեք կգործարկվի: Մինչ այդ գյուղի շուրջ 130 բնակիչները չորս օրը մեկ էին խորքային հորից ջուր վերցնում:
Համայնքը տրամադրել է դիտահորերն ու ջրաչափերը, մնացած աշխատանքներն իրենց վրա են վերցրել բարեգործական հիմնադրամները: