Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետական հայեցակարգային ուղենիշ է առաջարկել՝ նշելով, որ փոփոխվող աշխարհում պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է՝ «մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար»:
Փաշինյանն իր մատնանշած «հայեցակարգային հիմունքների առանցքային պահերից» մեկն է համարում ՀՀ տարածքի 29 800 քառ. կմ լինելու մասին ԱԺ ամբիոնից իր հայտարարությանը հետեւած բազմահազարանոց ցույցը: «Դրանից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք»,- ասաց նա՝ դա համարելով ոչ այնքան չիմացության խնդիր, որքան կրած անհաջողությունների ու ձախողումների անկյունաքար:
Ըստ նրա՝ այս ամենից հետեւությունը պետք է լինի միանշանակ. «Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, տարածքային ամբողջականության հետ: Եվ այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը»: