«44-օրյա պատերազմից երեք ամիս անց՝ 2021-ի փետրվարին, հանդիպեցի Արցախի ղեկավարի հետ եւ ծրագիր ներկայացրի։ Կարճ ժամանակ անց հաստատեցին, իսկ հուլիսից ֆինանսավորեցին։ Սեպտեմբերին գործը սկսեցինք եւ Ասկերանի Ծաղկաշատ համայնքում հիմնեցինք մեր երկրորդ այգին»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է արցախցի գործարար Սամվել Գրիգորյանը։
Մինչ պատերազմը՝ դեռեւս 2017 թվականին, գործարարը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Տող համայնքներում հիմնել էր խաղողի իր առաջին մեծ այգին՝ 300 հազար տնկի։ Ասում է՝ ամենամեծն էր Լեռնային Ղարաբաղում։ Ունեին շուրջ 250 աշխատող։
Սամվել Գրիգորյանը ծնունդով Ստեփանակերտից է, որտեղ 18 տարի աշխատել է բանկային համակարգում: Տարիներ առաջ մեկնել է Մոսկվա եւ երեք տարի ղեկավարել ընկերոջ խմորեղենի գործարանը։ Այդ ընթացքում ընկերը նրան կարողացել է համոզել, որ միասին զբաղվեն խաղողագործությամբ, բերք ստանալուց հետո էլ գինու գործարան կառուցեն։
«Ես գինի չեմ սիրել եւ երկար ժամանակ չէի ընդունում ընկերոջս առաջարկը։ Այդ երեք տարիներին նա ինձ տարբեր տեղեր էր հրավիրում, տարբեր գինիներ հյուրասիրում։ Եվ ես սիրահարվեցի գինուն»,- հիշում է գործարարը։
Ճիշտ է, Հադրութի այդ մեծ այգին հիմնել էր 2017-ին, բայց ծրագրի շուրջ սկսել էր աշխատել դեռեւս 2012-ից։ Ֆրանսիայից նախ 200 տնկի են բերել, աճեցրել, ուսումնասիրել եւ հինգ տարի անց վերջնականապես որոշել են սկսել մեծ գործը։ Ընկերության անունն էլ դրել են «Մեծ գինի», եւ Սամվել Գրիգորյանը Մոսկվայից վերադարձել է հայրենիք ու լծվել խաղողագործությանն ու գինեգործությանը։
Տնկիները ներկրել է Ֆրանսիայից։ Արգենտինայից եւ Ֆրանսիայից հրավիրված մասնագետներն են ընտրել տեղանքը, հողը, որտեղ պետք է հիմնվեր այգին։ Տարածքն ուսումնասիրելուց հետո մասնագետները եզրակացրել են, որ Ղարաբաղի եւ Ֆրանսիայում խաղողագործության հայտնի կենտրոն Բորդոյի բնակլիմայական պայմանները շատ նման են։ Համոզված էին, որ ֆրանսիական խաղողի որակն ու համային հատկանիշներն այնտեղ կպահպանվեն եւ կվերարտադրվեն։ Հետո մասնագետները պարբերաբար այցելել են Ղարաբաղ, խորհուրդներ տվել ու վերահսկել աշխատանքները։
Այգին հիմնելուց հետո սկսել են գործարանի կառուցումը։ Պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2020-ի օգոստոսին, ներկրել են ֆրանսիական եւ իտալական հոսքագծեր։ Մինչ այդ հավաքած բերքից գինի ստացել են հարեւանությամբ գտնվող՝ Ղարաբաղում եւ Հայաստանում հայտնի «Կատարո» գործարանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ«Կատարոն» կվերածնվի |
Հիմնադիրները համոզված էին, որ իրենց արտադրածը բարձրորակ է եւ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի ամենահամով գինին է։ Այդպես են ասել նաեւ տեղացի եւ ֆրանսիացի մասնագետները։ «Նրանք վստահ էին, որ եթե ամեն ինչ ճիշտ անեինք, իսկ մենք ճիշտ էինք անում, ապա կստանայինք մեր ուզած գինին, որը կլիներ լավագույնը։ Գոնե լավագույնների շարքում կլիներ»,- ասում է գործարարը։
Ներդրել էին 3,5-4 մլն դոլար եւ 2021-ին պետք է 300 հազար շիշ գինի ստանային՝ խաղողի մեկ վազը մեկ շիշ գինի հաշվարկով։ Մտադիր էին արտադրանքն արտահանել Հայաստան, Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ եւ այլ երկրներ։
44-օրյա պատերազմից հետո կորցնում են այգին, գործարանը եւ արտադրած գինու առաջին խմբաքանակը. բիզնեսն արդեն գնահատվում էր 25 մլն դոլար։ Գործարարը հետեւել է, թե ինչ վիճակում է իր տարիների աշխատանքը։ Այգու մի մասը քանդել, ճանապարհ են կառուցել, մյուս մասն էլ չորացել է։ Սամվել Գրիգորյանը, սակայն, չի հանձնվել։ 44-օրյա պատերազմից ընդամենը երեք ամիս անց որոշել է գործը նորից սկսել։
Ֆրանսիայից կարմիր խաղողի հինգ տեսակի 103 հազար տնկի է ներկրել, 12,5 հեկտար տարածքի վրա նոր այգի հիմնել, մշակել ֆրանսիացի եւ արգենտինացի նույն մասնագետների խորհուրդներով։ Պատերազմից հետո անգամ կարողացել է այդ մասնագետներին թաքուն Ղարաբաղ տանել, որ այգու համար ճիշտ տեղանք ընտրեն։
Այս անգամ պետության աջակցությամբ ներդրել է մոտ 1 մլն դոլար։ 2024 թվականին պետք է ստանային երկրորդ այգու առաջին բերքը, որից հետո գինու նոր գործարան պետք է կառուցեին։
Սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից ընդամենը մեկ շաբաթ առաջ Սամվել Գրիգորյանը եկել է Հայաստան, որ հանդիպի ֆրանսիացի մասնագետի հետ, եւ չի կարողացել վերադառնալ։ Կորցրել է երկրորդ այգին։ «Ես նրան չեմ էլ կարողացել բացատրել, թե ինչու այլեւս չեմ կարող գնալ Հադրութ, Ասկերան եւ տեր կանգնել իմ երկու այգիներին, իմ գործարանին։ Նա չէր կարողանում հասկանալ, թե սեփականությունն ինչպես կարելի է կորցնել։ Հարցնում է՝ եթե սեփականության վկայականը ձեռքումդ է, խնդիրը ո՞րն է։ Էհ, 100 տարի է՝ էդ խնդիրը չեն կարողանում լուծել»,- հոգոց է հանում ղարաբաղցի գործարարը։
Այժմ նա կնոջ եւ երկու որդիների հետ ապրում է Երեւանում։ Ափսոսանքով է հիշում իր հիմնած երկու այգիները, համոզված է՝ ադրբեջանցիները եթե ուզեն էլ, չեն կարողանա դրանք մշակել։ Իր այգին ձեռքի նուրբ աշխատանք ու մեծ սեր է պահանջում։
Բայց եթե առաջին անգամ շատ էր ափսոսում Հադրութում կորցրած այգու եւ գործարանի համար, այս անգամ դրանք աչքին չեն երեւում։ Հայրենիք է կորցրել։
Սամվել Գրիգորյանը մտածում է գործը շարունակել Հայաստանում եւ հիմնել արդեն երրորդ այգին։ Նույն օտարերկրացի եւ տեղացի մասնագետների հետ ուսումնասիրել ու համոզվել է, որ ֆրանսիական Բորդոյի եւ Ղարաբաղի բնակլիմայական պայմաններին նման են Սյունիքի եւ Տավուշի մարզերը, որ ֆրանսիական խաղողն այս մարզերում էլ կարող է ճիշտ աճել։ Հիմա նոր տեղանք ու հող են փնտրում։
Լսել է ՀՀ Կառավարության հայտարարությունը, որ կաջակցեն Ղարաբաղի գործարարներին, եթե նրանք ցանկանան Հայաստանում բիզնեսով զբաղվել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն հանդիպել է նրանց հետ, լսել, թե ինչ առաջարկներ ու խնդիրներ ունեն։
«Չգիտեմ, թե ինչ ծրագրեր կառաջարկեն, բայց պետք է աշխատենք եւ վերականգնենք մեր գործը։ Մալու եմ Հայաստանում, հաստատ նոր այգի եմ գցելու։ Իսկ եթե վերադառնալու տարբերակ լինի, միանշանակ՝ Արցախ»,- առանց վարանելու ասում է Սամվել Գրիգորյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։