Մայիսի 7-ի երեկոյան անցորդները, ինչպես նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն ու ոստիկանության ծառայողները արձանագրել են ծառահատման դեպք: Չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել Մարգարյան փողոցում (Աջափնյակ վարչական շրջան): ՀՈԱԿ-ի ղեկավարությունը ծայրահեղ անընդունելի եւ դատապարտելի է որակել այս արարքը՝ գրելով դրա մասին ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում, նաեւ վստահություն հայտնելով, որ դեպքի առնչությամբ համարժեք գնահատական կտան իրավապահ մարմինները։
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հետեւողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին արդեն հանձնարարվել է սեղմ ժամկետում վերստին կանաչապատել եւ բարեկարգել հանրային տարածքը։
«Հակահասարակական նման վարքագիծ դրսեւորողները որեւէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից»,- նշել է Հակոբ Կարապետյանը։
Ենթադրվում է, որ օրինազանցները նպատակ են ունեցել զավթելու տարածքը՝ հետագայում դրա վրա տնտեսական որեւէ գործունեություն ծավալելու նպատակով։
Լուսանկարները՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։