Արաբական Memri հեռուստաալիքի լրագրողի՝ «ինչի համար են նախատեսված Գազայի 500 կմ երկարություն ունեցող թունելները» հարցին ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը հայտարարել է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելը գրոհայինների հոգսը չէ:
Ըստ նրա՝ ստորգետնյա թունելները Գազայի հատվածում նախատեսված են բացառապես իրենց՝ Իսրայելի օդուժի օդային հարվածներից պաշտպանվելու համար: Նա հավելել է, որ եթե ՄԱԿ-ն այդքան մտահոգված է Գազայի խաղաղ բնակիչների անվտանգությամբ, թող նրանց համար ռմբապաստարաններ կառուցի, քանի որ Գազայի բնակիչների 75%-ը փախստականներ են:
Ընդ որում՝ ռազմական վերլուծաբանները չեն կասկածում, որ այդ թունելները լուրջ խնդիր են դառնալու Իսրայելի պաշտպանության բանակի համար Գազայի հատվածում ցամաքային գործողության ժամանակ։
Իսրայլի ազգային անվտանգության շտաբի նախկին պետ Յակով Նագելը, մասնավորապես, հայտարարել է, որ Իսրայելի բանակի զինվորյների համար Գազայի թունելներ ներխուժելու ծրագիրը լավ գաղափար չէ: «Չի կարելի թունելներ մտնել, պետք է թունելների մեջ ծուխ փչելով դուրս քշել նրանց՝ մկների պես»,-նշել է գեներալը: