Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը հայտնել է, որ ԿԽՄԿ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում հայաբնակ Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց։ Ըստ պաշտոնյայի՝ փոքր թվով մարդիկ են մնացել Լեռնային Ղարաբաղում իրենց տներում: Նրանք կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, կա՛մ որոշել են մնալ այնտեղ, գուցե պարզապես տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք եւ օգնության կարիք ունեն:
«Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի եւ ջրի։ Փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց, ջուր, դեղորայք ենք տրամադրում կամ օգնում, որ կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ բժշկական տրանսպորտ ստանալ»,- ասել է Շուպը:
Հարցին, թե ԿԽՄԿ-ն համագործակցում է Բաքվի հետ, ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրենը պատասխանել է, որ համագործակցում են բոլոր համապատասխան մարմինների հետ, որ ի վիճակի լինեն օգնելու բոլոր կարիքավորներին:
Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով` Արցախում առավելագույնը 40 հայ է մնացել, նրանց թվում՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ եւ անօգնական անձինք, որոնց հնարավոր չի եղել գտնել առ այսօր: