Դեռեւս 2015-ի սկզբին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը: Այդ փաստաթղթով նախատեսվում է ռազմարդյունաբերությունը վերածել տնտեսության կարեւորագույն եւ առաջատար ճյուղի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները։ Դրանով հիմքեր էին ստեղծվելու գիտական եւ գիտատեխնիկական կադրային քաղաքականության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաեւ «ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացման համար»։
Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց, թե ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն «անչափ կարեւոր ուղղություն է» մեր երկրի համար բանակի համալրման տեսանկյունից, կարեւորեց նաեւ ավանդույթների պահպանումը եւ հետխորհրդային ժամանակներում ՀՀ-ում իրականացված մեծ աշխատանքի շարունակականությունը։
44-օրյա պատերազմը, սակայն, ըստ էության ապացուցեց, որ այդ «հավակնոտ ծրագրերը» անցած հինգ տարում մնացել են թղթի վրա, իսկ պաշտոնյաների հայտարարությունները կյանքի չեն կոչվել։
Սեյրան Օհանյանն այսօր նույնպես բարձրագոչ հայտարարություններ է անում Հայաստանի եւ Արցախի պաշտպանության, անվտանգության ապահովման մասին, մինչդեռ պաշտպանության նախկին նախարարի խոսքի ու գործի խզման վկայությունները քիչ չեն։
Օրինակ՝ «Ավտոմատիկա» ՓԲ ընկերությունը։ 1981-ին հիմնադրված, Հայաստանի անկախացումից ի վեր ՊՆ ենթակայության տակ գործող այս ձեռնարկությունը նորոգում եւ արդիականացնում էր ՀՀ հակաօդային պաշտպանության եւ ռադիոլոկացիոն կայանները:
2008-ից, երբ Ս․ Օհանյանը ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, սկսվեց այս գիտաարտադրական ձեռնարկության կործանման գործընթացը։ Տարեցտարի ՊՆ-ն նվազեցրեց պատվերները՝ գործարանը մատնելով պարապուրդի ու ֆինանսական ճգնաժամի։ Գիտահետազոտական ինստիտուտի շենքը 2012-ին առանձնացվեց, ցանկապատվեց, վերանորոգվեց ու վաճառվեց որպես բնակելի տարածք։ Ի վերջո՝ 2015-ին, ՊՆ-ի 80 % բաժնետոմսերը փոխանցվեցին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը մասնավորեցման նպատակով:
«Ավտոմատիկայի» 20 %-ի սեփականատեր, ստեղծման օրից մինչեւ 2009-ը ընկերության տնօրենի, ապա՝ մինչեւ փակվելը գլխավոր ինժեների պաշտոնները զբաղեցրած Զավեն Թումանյանն այսօր էլ պնդում է՝ խնդիրը կոռուպցիան ու միլիոնավոր գումարների մսխումն է:
Ինժեներ-գիտնականն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել «Ավտոմատիկայի» թալանի դեմ պայքարի այս երկար ու ձիգ տարիների ընթացքում։ Նա մեղադրում է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանին եւ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության նախկին պետ Մուրադ Իսախանյանին, որոնք գործել են Օհանյանի «բարձր հովանու» ներքո, իսկ պաշտոններից հեռացվել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։
Գեներալ-լեյտենանտ Միրզաբեկյանը եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական Իսախանյանն, ըստ Թումանյանի, ուղիղ ձեւով «ատկատ» էին պահանջում՝ ՊՆ-ից «Ավտոմատիկային» պետպատվերներ տալու համար։
Ալիկ Միրզաբեկյանն իր ծառայության ընթացքում աչքի է ընկել սկանդալային մի շարք դրվագներով։ Մասնավորապես՝ մոտ 10 տարի առաջ գեներալ Արշալույս Փայտյանի հետ նա էլ կապված էր բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի մսի մատակարարման գործին։ 2012-ին նրա անունը շրջանառվում էր ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանի դատական գործում, երբ մի ամբողջ զինանոց էր վաճառվել՝ փամփուշտներ, հրթիռային համալիրի 2 կայանք, ՀՀ ՈԶ հաշվեկշռից դուրս գրված «ԲՏՌ-152» եւ «ԲՏՌ-60ՊԲ» տեսակի զրահամեքենաների իրաններ, «ՊԳ-7» մոդելի 88 արկ եւ այլն։
Չնայած բազմաթիվ փաստական հանգամանքներին՝ Միրզաբեկյանը «ջրից չոր է դուրս եկել»։ Նույնն էլ՝ «Ավտոմատիկայի» դեպքում։
Զավեն Թումանյանի հայտարարության հիման վրա ՀՀ ՊՆ քննչական բաժնում դեռ 2010-ին հարուցվել էր քրեական գործ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ: Պարզվել էր, որ ՀՀ ՊՆ Նյութատեխնիկական դեպարտամենտի կողմից օրենքների կոպիտ խախտմամբ ձեռնարկությանը տարբեր ծառայությունների եւ նույնիսկ չկատարված աշխատանքի համար հատկացվել էին գումարներ, որոնք անհիմն ու աննպատակ էին ծախսվել: ՊՆ քննչական ծառայության կողմից առաջադրված հարցերը ստուգել էր նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Արդյունքում արձանագրվել էր 110 մլն դրամի ֆինանսական խախտում:
Սակայն քրեական գործերը կարճվել կամ սառեցվել են, եւ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
«Ավտոմատիկայի» դեպքում եւս կիրառվել է նախկին իշխանությունների օրոք լավ մշակված մեթոդը, երբ հարկային պարտավորություններից խուսափելու կամ «հետքերը կորցնելու» համար ձեռնարկությունները պարզապես սնանկացրել են ու փակել, ապա նոր անվանումով ընկերություն ստեղծել ու շարունակել գործունեությունը։
Հատուկ նշանակության ձեռնարկությունը զարգացնելու փոխարեն, ինչպես նշում է Թումանյանը, ՊՆ-ն 400 մլն դրամ է ծախսել Հրազդան քաղաքում «Պատնեշ» ՓԲ ընկերության վերակառուցման համար եւ այնուհետև պետական պատվերներն իրականացրել այդ գործարանի միջոցով։
Ի դեպ, «Պատնեշն» իր հերթին ստեղծվել էր 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, խորհրդային տարիներին կառուցված «Հրազդանմաշ» գործարանի վերակազմավորման արդյունքում։ Վերջինիս մասնավորեցման 1998-ի որոշման տակ նույնպես Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունն է։
Ինչեւէ։ Այսօր «Ավտոմատիկայի» մասին քչերն են հիշում։ 2015-ին Պետգույքին փոխանցելուց հետո գործարանն աճուրդի չի դրվել։ Թերեւս պատճառը բաժնետոմսերի այն 20 %-ն է, որը շարունակում է տնօրինել Զավեն Թումանյանը։
Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակաշրջանում գործարանի տարածքը, ըստ նախկին աշխատակիցների, վարձակալության է տրվել նրա մերձավոր շրջապատից Ռաֆիկ Գրիգորյանին պատկանող «Ռաֆ էլիտ» ընկերությանը, որը զբաղվում է վերելակների արտադրությամբ ու վերանորոգմամբ։ Գրիգորյանը նաեւ Եղեգնաձորի ռելեի գործարանի համասեփականատերն է։
Այս ընթացքում «Ավտոմատիկայի» հաստոցների մեծ մասը վաճառվել է որպես մետաղի ջարդոն։ Թե ուր են ուղղվել գումարները, հայտնի չէ։
«Ավտոմատիկայի» նման գործարան ստեղծելը մի օրվա բան չէ: Ռազմական արդյունաբերությունը դատարկ տեղում չի զարգանում, պետք էր մասնագետներ աճեցնել։ Խորհրդային տարիներին մեր 1600 աշխատակցից 600-ը գիտաշխատող էր: 2015-ին դեռ 50 գիտաշխատող ունեինք, բայց նրանք էլ թողեցին գնացին, ամեն մեկն իր գլուխը պահելու խնդիր ուներ։ Պատերազմական երկիր ենք, ոչ թե պետք է վաճառեին, այլ զարգացնեին։ Ինժեները նման բան երբեք չէր անի։ Այսօրվա ղեկավարության մեջ էլ ոչ մի ինժեներ չկա, բոլորը ճառ ասող են։ Ո՞վ է տեսել, որ ռազմական արդյունաբերությունը քանդեն ու վաճառեն»,- մեզ հետ զրույցում իր խոր ափսոսանքը հայտնեց Թումանյանը։
Անցած տարի հունիսի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Ավտոմատիկա» ՓԲԸ ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 987-Ն որոշումը: Մեր հարցմանը, թե որ փուլում է մասնավորեցման գործընթացը, Պետական գույքի կառավարման կոմիտեից պատասխանեցին, որ ընկերության նկատմամբ ունեցած դեբիտորական եւ կրեդիտորական պարտավորությունների փոխադարձ ճշգրտման աշխատանքները ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի ավարտել։ Թե որքան կարժենա գործարանի ներկայիս գույքը, հայտնի չէ։ Կոմիտեից տեղեկացրին, որ ընկերության գույքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել միայն վերը նշված աշխատանքների ավարտից հետո։
Հավելենք, որ ի տարբերություն «Ավտոմատիկայի»՝ «Պատնեշ» գործարանն այսօր էլ դասվում է ռազմավարական նշանակության կազմակերպությունների շարքում, որոնց կառավարումը 2020 թվականի ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարությունից փոխանցվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (ԲՏԱՆ)։
Մեր հարցմանն ի պատասխան, թե որեւէ համագործակցություն հնարավոր է «Ավտոմատիկայի» հետ, ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը թվարկեց հայտնի փաստերը՝ ընկերության 80 % բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է պետգույքի կառավարման կոմիտեին, որին հանձնարարվել է գործարանի մասնավորեցումը։
Ի դեպ
44-օրյա պատերազմից հետո մեկ տասնյակից ավելի պաշտոնաթող գեներալներ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով հասարակությանը՝ «օր առաջ ապահովելու նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձեւավորումը»: Ցուցակը գլխավորում էր Սեյրան Օհանյանը, առկա էր նաեւ Ալիկ Միրզաբեկյանի ստորագրությունը։
Օրերս լուրեր տարածվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակում տեղ գտած Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախկին զինվորականների ու ոստիկանների հավաք։ Civic.am-ի տեղեկություններով հավաքի մասնակիցները որոշել են անհնազանդության ակցիաներ իրականացնել, ընդհուպ գնալ բախումների:
Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ: