Թուրքական Daily Sabah պարբերականը հրապարակել է Areda Survey ինստիտուտի ապրիլի 29-30-ին 1895 մասնակիցների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքները։ Դա արվել է Վաշինգտոնի կողմից 1915-ի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելուց անմիջապես հետո։ Հարցման մասնակիցների գերակշռող մասը՝ 94,5 %-ը, ԱՄՆ-ին այլեւս չի հավատում:
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» խորագրով հարցումը պարզել է, որ հանրությունը իրադարձության վերաբերյալ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը սխալ է համարում։ Մասնակիցների կարծիքով դա արվել է Թուրքիային ծանր կացության մեջ դնելու նպատակով:
Հարցվողների միայն 6.7 %-ն է դեռ շարունակում ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր եւ դաշնակից համարել։ 93.3 %-ը բացասական պատասխան է տվել, իսկ 90.2 %-ն ասել է, որ ընդհանրապես չի հավատում ցեղասպանության մասին պնդումներին: Նրանց կարծիքով Բայդենը ցեղասպանության մասին խոսել է Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։
Հարցվողների 9 %-ը, սակայն, ասել է, որ Բայդենը 1915-ի իրադարձությունները նկարագրելու համար ճիշտ տերմին է օգտագործել: