Հոկտեմբերի 30-ից Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է տրամադրել Ալավերդի համայնքում օգոստոսի 2-ին ուժեղ կարկտահարությունից առավել տուժած 372 ընտանիքի (1088 անձ)։ Աղետի հետեւանքները մեղմելու նպատակով յուրաքանչյուր անձի տրամադրվել է 39 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է 42 միլիոն 432 հազար դրամ։
Աջակցություն են ստացել Ալավերդի, Սանահին, Ակներ, Աքորի, Հաղպատ, Ծաղկաշատ, Օձուն, Ամոջ եւ Հագվի բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ընտրվել են ընկերության սահմանած չափանիշներին (բազմանդամ, 3 եւ ավելի անչափահաս ունեցող, միայն տարեցներից, միայն հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ եւ այլն) համապատասխան։
Դրանք այն տնտեսություններն են, որտեղ վնասվել են բնակելի տան կառուցվածքային մասերը, տնամերձ հողամասը, ունեցել են գյուղատնտեսական կենդանիների եւ բերքի 75-100% կորուստ։ Եվ միակ եկամտի աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն են եղել։
Հայկական կարմիր խաչի ընկերությունն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատումը եւ ցուցակների վերջնական ճշգրտումն արել է Ալավերդու համայնքապետարանի հետ։