ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:
Պետքարտուղարությունում ընդգծել են, որ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետեւանքների։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները պարբերաբար շեշտում է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ շարունակաբար հետեւում իրավիճակին։
«Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, եւ մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական եւ տնտեսական անվտանգությունը»,- շեշտել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: