Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Ալավերդու Հաղթանակի հուշարձանի տարածքում են ամփոփվել զոհված ալավերդցի մի քանի ազատամարտիկների աճյուններ։ Ապա այդ հատվածը վերածվել է պանթեոնի։ 44-օրյա պատերազմում հայրենիքի համար նահատակված տղաների շիրիմները եւս այստեղ են։
«Այս պուրակները մեր տղաների կողմից նվեր են համայնքներին։ Մեր որդիները հավերժ են, եւ ուզում ենք, որ նրանց հոգիներն այս սոսիների մեջ ծվարեն։ Սոսին ամենաերկարակյաց ծառն է, բացի դրանից՝ սրբազան է հայերի համար, որովհետեւ մեր նախնիները հավատում էին, որ սոսու միջոցով մենք տիեզերքի հետ ենք կապ ունենում։ Մի փոքր էլ անձնական բացահայտում անեմ. իմ որդու ամենասիրած ծառն էր սոսին, նա ուղղակի երկրպագում էր սոսու զորությունը։ Սրանով նաեւ մեր պարտքն ենք տալիս մեր որդիներին»,- ասում է «Որդուս» ՀԿ-ի նախագահ, «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը։
Ալավերդու «Հավերժության պուրակում» առաջին տնկին հողի մեջ դրեցին Կարին Տոնոյանն ու 44-օրյա պատերազմում զոհված ալավերդցի Վոլոդյա Վերանյանի քույրը՝ Աղավնին։
«Մեր երկրում հիմա ատելության ուրվականն է ամենուր պտտվում, եւ մենք ուղղակի նորից սերը պիտի բերենք մեր երկիր, պիտի հասկանանք, որ մեկ ժողովուրդ ենք, եւ անկախ բոլոր տեսակի շահերից՝ կա մեկ գերակա շահ՝ ազգի եւ հայրենիքի շահը»,-ասում է «Որդուս» ՀԿ-ի նախագահը։
Ծառատունկից հետո «Հավերժության պուրակում» բարձրացվեց եռագույնը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։