Կիրակի: Վաղ առավոտ: Գյումրու Հայ Կաթողիկե նորակառույց Սրբոց նահատակաց աթոռանիստ եկեղեցու զանգերը պատարագի են կանչում հավատավորներին: Եկեղեցին լիքն է մարդկանցով։ Հայ կաթողիկեների Գյումրու ժողովրդապետ տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշխարք ու գինի է հրամցնում թեմի անդամներին, խաղաղություն մաղթում ամենքին:
Եկեղեցու դիմացը հանրահայտ Լաչինի շուկան է։ Շուրջը բոլորին դեմքով ծանոթ տաքսիստներն են՝ քարերին նստած։ Մտածում եմ՝ տաքսիստ են, ամեն ինչից տեղյակ, հարցնում եմ՝ ինչ գիտեն Կաթողիկե եկեղեցու եւ համայնքի մասին:
«Ֆռանգներ են»,- ասում են։
Նույնն են ասում նաեւ շուկայից մթերքով ծանրաբեռնված դուրս եկողները. «Ֆռանգներ են, լավ մարդիկ են, տարբերություն չկա, էլի նույն քրիստոնյաներն են»։ Մեկն էլ ասում է. «Իմ հարսն էլ է ֆռանգ, բայց ես այդպես էլ չհասկացա նրանց ու մեր տարբերությունը»:
‹‹Նույն ծեսն է, նույն աղոթքներն են, նույն պատարագը եւ գաղափարախոսությունը, տարբերությունն այն է, որ մեր եկեղեցու առաջնորդը Հռոմի քահանայապետն է››,- ասում է Գոհար Շախուլյանը, որը Գյումրու կաթողիկե եկեղեցու երգչախմբի նվագակցողն է, ջերմեռանդ հավատացյալ։
Պատարագից հետո հարցնում եմ տեր Գրիգորին տարբերությունների եւ նմանությունների մասին, ասում է` շտապում եմ, պսակադրություն ունեմ կատարելու, ամուսնանում են Առաքելական եւ Կաթողիկե եկեղեցիների զավակներ։
Հայ կաթողիկեների թիվը Գյումրիում շուրջ 16000 է, իսկ մարզի կաթողիկե այլ համայնքներում ապրում են եւս մոտավորապես 9000-ը:
Կաթողիկե հայոց պատմությունը Հայաստանում երկար ճանապարհ է անցել։ Արմատները ձգվում են մինչեւ 451 թվականի Քաղկեդոնի եկեղեցական ժողովը, իսկ այժմյան համայնքները ձեւավորվել են անցած դարասկզբի ոճրագործության՝ Հայոց եղեռնի հետեւանքով Կարինից, Էրզրումից, Ալաշկերտից, Մուշից եւ այլ բնակավայրերից զանգվածային տեղահանության եւ Արեւելյան Հայաստան փոխադրվելու արդյունքում:
Հայ կաթողիկե նախնիները Շիրակի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի եւ Լոռու շրջաններում հիմնել են մի քանի տասնյակ գյուղեր։ Համայնքներ կան նաեւ Ջավախքի Նինոծմինդա, Ախալքալաք, Ախլցխա շրջաններում։
19-րդ դարի կեսերին Հռոմի Ս. Աթոռը նրանց համար ստեղծել է եկեղեցական կազմակերպություն, որը Թիֆլիսում անխափան գործել է մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը:
1991 թվականին Հռոմի Սրբազան Պապ Հովհաննես-Պողոս Բ-ն վերահաստատեց 70 տարի փակված նվիրապետությունները եւ ստեղծեց առանձին Առաջնորդարան-թեմ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաթողիկե հայերի համար՝ առաջնորդ նշանակելով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ներսէս վարդապետ Տէր-Ներսէսյանին։
Դրան հաջորդեց Հռոմի Պապի Հայաստան այցն ու մասնավորապես շիրակցիների համար անչափ կարեւոր՝ Աշոցքում «Նարեկի Տիրամայր» հիվանդանոցի բացումը, որը Հռոմի քահանայապետի նվերն էր հայ ժողովրդին։ Առողջապահական այս հաստատությունը նպատակ ուներ լուծելու 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժից տուժած ու խիստ կարիքավոր ժողովրդի առողջական խնդիրները:
1992-ին Հայ Կաթողիկե համայնքը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում, իսկ Գյումրիում 1993-ից սկսեց գործել Հայ Կաթողիկե Առաջնորդարանը։ Ակտիվացավ նաեւ Փանիկի, Արեւիկի, Լանջիկի, Ազատանի, Ձիթհանքովի, Մեծ-Սեպասարի, Արփենիի, Սարագյուղի, Սիզավետի եկեղեցական կյանքը։ Ամեն կիրակի Սուրբ պատարագ է մատուցվում, կատարվում են կրոնական արարողություններ՝ մկրտություն, պսակ, թաղում, տնօրհնեք, ջրօրհնեք եւ այլն։
Հայ Կաթողիկե համայնքի նորագույն պատմության մեջ նշանակալից էր 2001 թվականը։ Քրիստոնեության՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան հովվական այց կատարեց Հռոմի Սրբազան Պապ Հովհաննես-Պողոս Բ-ն։ Հայր Ներսես արք. Տէր-Ներսեսյանը պատմական իր ակնարկում այս իրադարձությունը ներկայացրել է որպես «հոգեւոր հրճուանքի եւ երկնային առատազեղ շնորհների հեղման օրեր»։
2015 թվականին՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին, 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին Սրբոց Նահատակաց անունով օծվեց Հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին՝ դռները բացելով Շիրակի մարզի շուրջ 20 հազար կաթողիկեների առջեւ:
Եկեղեցին օծվեց Հռոմի Պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի ձեռամբ եւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդ Գապրոյանի մասնակցությամբ: Մինչ այդ Սուրբ Պատարագն ու եկեղեցական մյուս ծեսերը կատարվում էին Առաջնորդարանի մատուռում:
2011 թվականից Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի, այժմ նաեւ Ուկրաինայի հայ կաթողիկեների առաջնորդն է Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
2016 թվականը նույնպես կարեւոր էր հայ կաթողիկեների համար։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում՝ Ամենափրկիչ ու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցիների միջակայքում: Պատարագը մատուցվեց լատին ծեսով, բայց ուղեկցվեց հայերեն երգեցողությամբ:
Ծագումով կաթողիկեներից ոմանք պատարագի մասնակցում են Հայ Առաքելական եկեղեցում։ Տեր Գրիգորը դա բնական է համարում եւ ասում. «Ավելին՝ ուրախ ենք, որ մասնակցում են Սուրբ պատարագի. կարեւորը մարդու հոգու փրկությունն է, եկեղեցին միավորում է, ոչ թե պառակտում››:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։