Yesh atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել Իսրայելին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում հետեւելու ԱՄՆ-ին, գրում է հրեական The Jerusalem Post պարբերականը։
«Սա նախագահ Բայդենի կողմից կարեւոր բարոյական հայտարարություն է»,- գրել է Լապիդը Tweeter-ում: «Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դա մեր բարոյական պատասխանատվությունն է որպես հրեական պետություն»:
Meretz կուսակցությունից Քնեսեթի (խորհրդարանի) անդամ Թամար Զանդբերգն էլ ասել է, որ Բայդենի կողմից ճանաչումը «պատմական» է: «Ժամանակն է, որ Իսրայելը նույնպես մաքրվի քաղաքական շահերից եւ գործի հանուն ամենապարզ արդարության ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հրեական պետությունը չի կարող ձեռք մեկնել նրանց, ովքեր պատմությունը ջնջելու փորձեր են անում»:
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Իսրայելի պետությունը ճանաչում է հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը: Հատկապես այս պահին մենք եւ մյուս պետությունները պետք է պատասխանատու լինենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»:
Այնուամենայնիվ, Իսրայելի կառավարությունը չի ճանաչել ցեղասպանությունը կամ չի նշել այդ հարցի վերաբերյալ որեւէ հատուկ քաղաքականություն, բայց Քնեսեթը դա ճանաչել է տարբեր ձեւերով: Նախագահ Ռուվեն Ռիվլինը կոչ էր արել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, երբ նա Քնեսեթի խոսնակն էր, բայց նախագահի պաշտոնում խուսափեց «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:
Առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը նույնպես ճանաչելու կոչ էր արել, երբ նա Քնեսեթի խոսնակն էր: Ռիվլինը եւ իսրայելցի մի շարք օրենսդիրներ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ:
Կառավարությունն ընդհանուր առմամբ խուսափել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց Թուրքիային թշնամաբար չտրամադրելու մտավախությամբ: Երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակներին լարված են եղել, թեեւ վերջին ամիսներին Անկարան մերձեցման փորձեր է անում։
Պատրաստեց Կարինե Դավոյանը