Ըստ Sputnik Արմենիայի՝ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ԶԼՄ-ում շրջանառվող լուրերը, հայտարարել է, որ Կարմիր շուկա գյուղը ռազմագերիների հետ փոխանակելու հարց չի դիտարկվում։
Ռուսական Коммерсант թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները առեւտրի առարկա են դարձել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ստանալ գյուղը նաեւ հիմա՝ պատերազմից հետո։
Վերջին օրերին այդ թեմայի շուրջ կրկին սկսել են տարբեր լուրեր պտտվել։ Դրանց թվում եւ այն, որ Ադրբեջանը ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը։
Բաբայանը նշել է, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ։ «Եթե մենք այդ ձեւաչափով շարժվենք, մեր հայրենիքից ոչինչ չի մնա: Իհարկե, մեր գերիները, ռազմագերիները, նրանց ազատելը առաջնահերթություն է մեզ համար։ Բայց Ադրբեջանը, նման սադրանքների դիմելով, չի պատրաստվում ազատելու նրանց»,- շեշտել է Արցախի արտգործնախարարը։