Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ինքնիշխանության եւ սահմանադրական կարգի պաշտպանության մասին» դեկրետ է ստորագրել:
Փաստաթղթի համաձայն՝ մահափորձի, ահաբեկչական գործողության, արտաքին ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների հետևանքով երկրի առաջնորդի մահանալու դեպքում իշխանությունը փոխանցվում է Անվտանգության խորհրդին:
«Բոլոր պետական մարմինները եւ պաշտոնյաները գործում են համաձայն Անվտանգության խորհրդի որոշումների, որի նիստերին նախագահում է երկրի վարչապետը»,- ասված է փաստաթղթում:
Միեւնույն ժամանակ երկրում մտցվում է արտակարգ կամ ռազմական դրություն, իսկ Անվտանգության խորհուրդը սահմանում է միջոցառումներ դրանք ապահովելու ուղղությամբ: Անվտանգության խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման:
Դրանից բացի՝ Անվտանգության խորհուրդը նահանգապետների մասնակցությամբ լուծում է հիմնական՝ ընտրություններ անցկացնելու խնդիրը: Դեկրետն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Այս տարվա ապրիլի կեսին Լուկաշենկոն հայտարարել էր իր եւ իր երեխաների դեմ մահափորձի նախապատրաստման մասին՝ դրանում մեղադրելով ամերիկյան հատուկ ծառայություններին: Ձերբակալվածների մեջ եղել են նաեւ արտասահմանյան քաղաքացիներ:
Բելառուսի անվտանգության մարմինները հայտարարել են, որ խռովարարները զինված հեղաշրջում էին նախապատրաստում:
Գործով մեղադրյալների թվում են իրավաբան Յուրի Զենկովիչը, քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան եւ Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գրիգորի Կոստուսեւը:
Ձերբակալվածներից չորսը Մինսկում են, եւս հինգ կասկածյալ ԱՄՆ-ում, Լիվայում եւ Ուկրաինայում են:
Պաշտոնական Մինսկը այդ երկրներ հարցում է ուղարկել գործով անցնող անձանց վերահանձնելու հորդորով: