Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակնօրյա իր ելույթում հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության Եվրամիությունը ի վիճակի չի լինի պահպանելու իր հզորությունը:
«Եվրամիությունը կարիք ունի նոր մոտեցումների եւ կառուցվածքային բարենորոգումների, հատկապես որոշումների ընդունման մեխանիզմի առումով»,- ասված է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ:
Էրդողանը նշել է, որ ի հեճուկս երկակի չափորոշիչների քաղաքականության ու խոչընդոտների՝ Թուրքիան վճռական է տրամադրված Եվրամիությանն անդամակցելու՝ իր ռազմավարական կարեւոր նպատակին հասնելու հարցում:
1964-ից ի վեր ԵՄ ասոցացված անդամ Թուրքիան դեռ 1987-ին դիմել էր Եվրամիության մշտական անդամ դառնալու խնդրանքով:
Բանակցային գործընթացը սկսվել էր դեռեւս 2005-ի հոկտեմբերից: ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է հաջողությամբ ավարտեր Եվրահանձնաժողովի հետ 35 կետանոց բանակցությունների 33 կետերը: Դրանից հետո ԵՄ անդամ երկրները պիտի միաձայն քվեարկեին Թուրքիայի՝ Եվրամիության մշտական անդամ դառնալու օգտին:
2017-ի հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով ԵՄ անդամ երկրներին եւ Եվրահանձնաժողովին կոչ էր անում դադարեցնելու ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, մինչեւ Անկարան լրացումներ կանի իր սահմանադրության մեջ:
2017-ի ապրիլին թուրքական սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, որից հետո նկատելիորեն ընդլայնվեցին Թուրքիայի նախագահի լիազորությունները:
Վերջին չորս տարվա ընթացքում Բրյուսելն ու ԵՄ անդամ երկրները տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի գործողությունները նպաստում են եվրահանրույթից նրա օտարացմանը՝ Անկարային կոչ անելով վերջնականապես կողմնորոշվելու սեփական դիրքորոշման մեջ՝ գերադասում է շարունակե՞լ իր որդեգրած քաղաքականությունը, որը խորթ է եվրոպական արժեքներին, թե՞ այնուամենայնիվ ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ: