Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին և ներկա ղեկավարներին անդրադառնալով՝ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ այդ գործիչների՝ Ադրբեջանում ձերբակալման հարցն իր համար առավել մտահոգիչ է։ Եվ փորձում է անել ամեն ինչ, որ Ռուսաստանն ուշադրություն դարձնի այդ անձանց ճակատագրին։ Զատուլինը նշել է, որ տեղյակ է՝ ՌԴ նախագահն այդ հարցով խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ, եւ կոչ արել է ըմբռնումով մոտենալ խնդրին։
«Ես անհանգստացած եմ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի ճակատագրով, սակայն ավելի քիչ եմ մտածում, օրինակ, Արայիկ Հարությունյանի մասին։ Նա, ըստ իս, Ադրբեջանում է, քանի որ ցանկացել է հայտնվել այնտեղ, հազիվ թե նա, Հայաստանում գտնվելով, անվտանգ զգար իրեն։ Նա ավելի շուտ թաքնվում է Ադրբեջանում, քան թե փակի տակ է»,- շեշտել է ռուս խորհրդարանականը։
Անդրադառնալով Արցախի մյուս ղեկավարներին՝ Զատուլինը հույս է հայտնել, որ Ադրբեջանում առողջ դատողությունը կհաղթի․ ըստ նրա՝ ներկայում արձանագրվում են որոշ ազդակներ, որ առաջիկա ժամանակահատվածում նրանց ազատ կարձակեն։ Ըստ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահն այդ անձանց ադրբեջանական բանտերում լինելու փաստը գնահատում է որպես վրիժառության ակտ։ «Ընդ որում, մի կողմից, Ադրբեջանը հարկադրված է միջազգային հանրությանը ցույց տալու, թե ողջունում է Լեռնային Ղարաբաղում հայերի կացությունը, մյուս կողմից՝ տվյալ ձերբակալություններն ակնառու ցույց են տալիս, թե ինչ է սպասում այն հայերին, որոնք բնակվում են Լեռնային Ղարաբաղում։ Կարծում եմ՝ դա բոլորին է հասկանալի»,- նշել է ռուս պատգամավորը։