BioScience հանդեսը հրապարակել է տարբեր երկրների՝ 15 հազար գիտնականների ստորագրությամբ հոդված, որտեղ նախազգուշացնում են երկրագնդի կլիմայի աղետալի փոփոխությունների մասին։ Կանխատեսվում է, որ մինչեւ 2100 թվականը մոլորակի հիմնական ռեսուրսները՝ ջուրն ու սնունդը, կսպառվեն:
Գիտնականները նշում են, որ 2023 թվականը եզակի է դարձել կլիմայական ռեկորդների քանակով, եւ դրանք բոլորը բացասական են։ Կլիմայի փոփոխության միտումները, որոնք ի հայտ եկան անցյալ տարիներին, դառնում են նոր նորմեր, որոնք լավ բան չեն խոստանում մարդկության համար: Մասնավորապես պետք է ակնկալենք անտառային հրդեհների ուժեղացում, սաստիկ շոգի ուժգնացում, ընդհանուր երաշտի եւ ջրի սովորական աղբյուրների ոչնչացում։
Ըստ հանդեսի՝ բնական համակարգերի դեգրադացիայից հետո անկումը կընդգրկի նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտը։ Մարդկությունը վաղուց սպառել է շատ ավելին, քան կարող է տալ մոլորակը, ուստի ռեսուրսների սպառումը միայն ժամանակի հարց է: Կյանքը՝ որպես այդպիսին, ներառյալ մարդիկ, չի վերանա, այլ մեծապես կփոխվի, կհարմարվի նոր պայմաններին, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է հանգեցնել քաղաքակրթության ոչնչացման:
Կլիմայի վրա մարդածին գործոնի ազդեցությունը նվազեցնելու ջանքերը կարող են հետաձգել աղետի սկիզբը կամ մարդկանց նոր տեխնոլոգիաներ եւ գիտելիքներ պարգեւել՝ բացասական հետեւանքները հաղթահարելու համար: Այդուհանդերձ, ամբողջ աշխարհի գիտնականները դեռեւս չափազանց մռայլ են գնահատում արդյունքը: