ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարությունում Մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես նշել է մշակութային եւ ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող եւ ստեղծող երկրի դիրքավորումը:
Նախարարը առաջնահերթությունների շարքում նշել է մշակութային ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը: Դրա շրջանակում նախատեսվում են, մասնավորապես, հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների եւ հուշարձանների կադաստրի ստեղծում: Անդրեասյանն ընդգծել է նաեւ մշակութային եւ ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացման կարեւորությունը, դրանց թվում՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը: