Քնարական մի գիծ կա գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի «Սրնգահար» որմնանկարում, հովվերգական նուրբ լար. խաշնարածը սրնգի հնչյունների ներքո հոտն է մեկտեղում:
Գյումրու «Գալվանոմետրի»՝ «Օմեգա ռեզիստորների գործարանի» նախկին ճաշարանի քանդված պատի վրա քայքայվող որմնանկարի մասին է պատմում «Քանդակագործության ազգային պարկ-թանգարան»-ի տնօրեն, քանդակագործ Արթուր Գեւորգյանը:
Խորհրդային տարիներին, երբ մարդիկ օրուգիշեր աշխատում էին՝ կտրված մշակույթից, բանվորների կյանքում փոքր-ինչ գույն մտցնելու նպատակով Լենինականում որոշեցին արվեստը տանել աշխատավորի մոտ. գործարանների, արտադրամասերի պատերին որմնանկարներ անելու մշակույթ ձեւավորվեց:
«Այդ ժամանակներից արդեն «որմնանկարների բում» էր Լենինականում,- ասում է Արթուր Գեւորգյանը,- սակայն դրանց մեջ բացառիկ են Աշոտ Մելքոնյանի գործերը. պահպանված է որմնանկարի ամբողջ մեթոդաբանությունը, ներկերն էլ արված են բնական նյութերի պիգմենտներով»:
1970-1980-ականներից «Օմեգա ռեզիստորների գործարանի» ճաշարանի պատին «սկսեց նվագել Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը»»: Դիմացի պատերին էլ ճաշող բանվորների աչքը շոյում էին Անին ու Արագած սարն արտացոլող որմնանկարները: «Սրնգահարը», սակայն, չդիմացավ. երկրաշարժի, եղանակային վատ պայմանների պատճառով ոչնչացել է շուրջ 40 տոկոսը: Պատի փլուզման, որմնանկարի քայքայման մասին առաջին անգամ երկու տարի առաջ ահազանգել է շենքի սեփականատերը:
Այդ օրվանից խնդրով մտահոգ քանդակագործ Արթուր Գեւորգյանը թակում է բոլոր դռները՝ վարչապետից մինչեւ տեղական իշխանություններ: Ասում է՝ խնդիրը դարձել է ֆուտբոլի գնդակ՝ տեղափոխվում է դաշտից դաշտ: Մինչ որմնանկարի փրկիչը կգտնվի, Գեւորգյանը փաստում է. պատի վրա հսկա խոռոչ է բացվել, բայց բարեբախտաբար որմնանկարն ամբողջությամբ չի փլվել: Քանի դեռ մոտ 60 տոկոսից ավելին պահպանված է, շտապել է պետք: «Օր օրի ավելացող քայքայումը հասել է որմնանկարի հիմնական մասին՝ խախտելով թեմատիկան»:
Ինչո՞ւ չեն փրկում «Սրնգահարին»: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից տեղեկացնում են՝ գյումրեցի գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի 1970-1980 թվականներին հեղինակած երեք որմնանկարները պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ չեն, ինչի հիմքով տվյալ որմնանկարի պահպանությունը դուրս է նախարարության լիազորություններից:
Գեւորգյանը չի հերքում՝ «Սրնգահարը» պետականորեն հուշարձանի համարում չունի, փոխարենը նախարարության կողմից հաստատված գեղարվեստական արժեք է. փաստաթուղթ կա:
Որպեսզի քայքայվող որմնանկարը գեղարվեստական արժեքից հուշարձանի վերածվի, մեկ քայլ է մնացել. Կառավարությունը, հուշարձանների վարչությունը պետք է դա հաստատեն, բյուջեում տող ավելացնեն ու փրկեն այն: «Խոսքը մոտ 7 միլիոն դրամի մասին է, բայց չեն անում: Կառավարությունը մշակույթի համար գումար հատկացնել չի սիրում: Հինգ տարվա ընթացքում Գյումրիում որեւէ ծրագիր չի արվել, որեւէ արժեք չի վերականգնվել: Փոխվել են միայն Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանները, այն էլ մարզպետարանի ջանքերով: Այն, ինչ ուզում ենք, մեր անձնական բարեկեցության համար չէ, դա հուշարձան է, որը պետք է փոխանցենք սերունդներին: Գեղանկարչի թոռներն էլ են կապ հաստատում, շնորհակալություն հայտնում հարցը բարձրաձայնելու համար»,- ասում է Գեւորգյանը:
Նախարարությունը դեմ չէ, որ «Սրնգահարը» փրկվի: Փաստում են՝ ստանում են մտահոգ արվեստագետների ահազանգերը: Հաշվի առնելով, որ որմնանկարները կարող են ունենալ որոշակի մշակութային եւ գեղարվեստական արժեք Գյումրի քաղաքի եւ մարզի համար, 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ համապատասխան գրություններով դիմել են Շիրակի մարզպետարան եւ Գյումրու համայնքապետարան: Առաջարկել են դիտարկել որմնանկարի ամրակայման եւ վերականգնման աշխատանքների իրականացումը, միջոցների բացակայության կամ անհնարինության դեպքում մասնագետների օգնությամբ ապամոնտաժել:
Քանդակագործը, սակայն, անդրդվելի է. առաջարկում է, որ պետությունը որոշակի գումար հատկացնի, մարզպետարանն ու քաղաքապետարնն էլ իրենց լուման ներդնեն. «Ես էլ իմ անձնական միջոցներով կօգնեմ, նաեւ հանգանակություն կհայտարարենք, որմնանկարը կփրկենք»:
Մինչեւ կորոշեն փրկել, թե չփրկել «Սրնգահարին», քաղաքում նրա համար տեղ են որոշել՝ Գյումրու կամերային երաժշտության նոր վերանորոգված դահլիճի ճեմասրահի պատը:
Հիշեցնենք, որ լքված գործարանում այս պահին եւս երկու որմնանկար կա, որոնց պատշաճ ուշադրություն չդարձնելու դեպքում «Սրնգահարի» ճակատագիրն է սպառնում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։