Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Դրա մասին ասվել է Գերագույն հոգեւոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ ժողովի ժամանակ քննարկվել են պետության առջեւ ծառացած հետպատերազմյա մարտահրավերները, Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, ինչպես նաեւ Արցախի մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։
Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես են եկել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վերջինս շեշտել է, որ Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենա, ինչպես, ցավոք, լուծարվեց Արցախի պետականությունը։
«Վեհափառ հայրապետը հուրախություն բոլորիս հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները մի փոքր կփոխվեն, եւ ինքն իր նպատակների համար կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք` նորից վերադառնալու Արցախ»,– ընդգծել է տեր Վրթանեսը։