Վերջին օրերին Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով թուրք-չինական լարվածությունը չի մարում։
Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները թվիթերյան իր գրառմամբ պնդել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արեւմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ։
Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը հայտարարել է, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։
Թյուրքալեզու ժողովուրդներով (ույղուրներով, ղազախներով, ղրղզներով) եւ մոնղոլներով բնակեցված Սինցզյանը (չինարեն`«նոր սահման») Չինաստանի կազմի մեջ է մտել 1759-ին:
1862-ին Սինցզյանում տեղաբնակ թյուրքերն ապստամբում են, եւ շրջանն առանձնանում է Չինաստանից: 1874 թվականին չինական բանակը ճնշում է մահմեդականների ապստամբությունը:
Վերջին հարյուր տարում ույղուրներն առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Վերջին շրջանում ապստամբները հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից:
Ույղուրների (չինարեն`«հպատակ») թվաքանակի մասին հստակ տվյալներ չկան: Թուրք պատմաբանները նրանց թիվը ուռճացնում են՝ հասցնելով 60-80 միլիոնի, մինչդեռ չինական աղբյուրները խոսում են ընդամենը 15-16 միլիոնի մասին: