Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չեղարկելու մասին Մոսկվան առաջարկ էր արել Երեւանին դեռ ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից առաջ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ավելի վաղ «Лента.ру»-ն հարցում էր արել ՌԴ ԱԳՆ-ին՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, սակայն պատասխան չի ստացել։ Ըստ Արշակյանի՝ համաձայնագիրը կբացառեր միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Մոսկվան պատասխանել է Երեւանի առաջարկին։ Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը առաջարկել է գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: «Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումներն անտեսվեցին»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Երեւանը զուտ քաղաքական դրդապատճառներով է ընդունել Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումը։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ՀՀ իրավական համակարգում հնարավորություն կա, որ Երեւանում լուծեն խնդիրները, որոնք իրենք էլ ստեղծել են։ Կարեւորը, որ հայկական կողմը շահագրգռված լինի դրանում։