Լեհաստանի նախկին (1990-1995) նախագահ Լեխ Վալենսան հայտարարել է, որ Լեհաստանում ընտրություններից հետո ահաբեկչություններ են նախապատրաստվում։
Նախկին նախագահի հավաստմամբ՝ դրանք ամենայն հավանականությամբ կկազմակերպի «ընտրություններում պարտված», այսինքն՝ իշխող «Օրենքով եւ արդարությամբ» կուսակցությունը։
«Լեհաստանում ամեն ինչ չէ, որ ավարտվում է ընտրություններով: Ես տեղեկություն ունեմ, որ մի շարք ահաբեկչական գործողություններ են նախատեսվում: Ընտրություններում պարտված կուսակցությունն ի վիճակի է ամեն ինչ անելու իշխանությունը չզիջելու համար»,- Facebook-ի իր գրառման մեջ նշել է Վալենսան:
Նա հայտարարել է, որ հանցագործության կատարման մասին արդեն պաշտոնական հայտարարություն է ներկայացրել հատուկ ծառայություններին։