Վլադիմիր Զելենսկին հավանություն է տվել 2024 թվականի մարտի 31-ին նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը: Դրա մասին Espresso հեռուստաալիքի եթերում ասել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նա նշել է, որ սահմանադրորեն մարտին վերջին կիրակին ընտրությունների վերջնաժամկետն է։ Ըստ Գոնչարենկոյի՝ եթե այս ընտրությունները չանցկացվեն, Զելենսկին կկորցնի լեգիտիմությունը։
Միեւնույն ժամանակ, Գոնչարենկոն վստահեցնում է, որ արեւմտյան գործընկերները Ուկրաինայից ընտրություններ չեն պահանջում։ «Դրանք բացառապես քաղաքական խնդիրներ են, որոնք նախագահի աշխատակազմն է իր առջեւ դնում։ Խոսքը բացառապես նախագահական ընտրությունների մասին է, քանի որ խորհրդարանական ընտրություններն Ուկրաինայի Սահմանադրությամբ ուղղակիորեն արգելված են»,- հավելել է պատգամավորը։
Հոկտեմբերին Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ չի կարող հրաժարվել Ուկրաինայի նախագահի պաշտոնից, քանի դեռ Ռուսաստանի դեմ պատերազմ է ընթանում։ Ուկրաինայի ղեկավարը նաեւ ասել է, որ չի առաջադրվի երկրորդ ժամկետով, երբ ռուսների հետ պատերազմն ավարտվի։
Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ նախընտրական մրցավազքի անցկացումը կհանգեցնի աննախադեպ մարտահրավերների: «Մենք չենք փակում այս էջը, Ուկրաինայի նախագահը դիտարկում եւ կշռադատում է նախագահական ընտրությունների անցկացման դրական եւ բացասական կողմերը»,- ասել էր պաշտոնյան։