«2023 թվականի սեպտեմբերի 27-ին ես, ամուսինս ու յոթ զավակներս Ստեփանակերտից բռնի տեղահանվեցինք։ Մի կերպ դուրս եկանք։ Սարսափելի էր։ Ռազմական գործողությունների ընթացքում մտածում էի, որ գոնե երեխաներին ողջ ու առողջ դուրս հանենք այնտեղից։ Միայն մեր փաստաթղթերը կարողացանք վերցնել, ուրիշ ոչինչ»,- պատմում է բազմազավակ մայր Դիանա Ղարիբյանը։
Ընտանիքը հաստատվել է Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Դարձել են անտուն, չգիտեն ինչ անել, ինչպես լուծել ընտանիքի առջեւ ծառացած խնդիրները, ինչպես ապրել առանց հարազատ տան ու Արցախի։
«Շատ շնորհակալ եմ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից։ Մեր բնակարանի վարձն անձամբ ինքն է տվել։ Ոչ միայն մեզ է օգնել, այլեւ շատ արցախցիների։ Մինչեւ վերջերս նրա վարձած բնակարանում էինք ապրում։ Օրերս ենք նոր տուն տեղափոխվել, քանի որ նախորդ բնակարանը մեծ էր, չէինք կարողանա ջեռուցել։ Դարձյալ հանդիպելու ենք պարոն Համբարձումյանի հետ։ Վստահ եմ՝ էլի կաջակցի մեզ»,- պատմում է Դիանա Ղարիբյանը։
Յոթ զավակներից չորսն անչափահաս են։ Երեքը դպրոցական են, 1-ին, 3-րդ, 6-րդ դասարաններում են սովորում, չորրորդը 9-րդ դասարանն ավարտելուց հետո դպրոցից դուրս էր եկել ու խոհարարական դասերի էր հաճախում։ Երկու ավագ որդիները պայմանագրային զինծառայող էին Արցախում, դուստրը Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի 4-րդ կուրսում էր սովորում։
Հատկապես երեխաների համար դժվար է նոր միջավայրին հարմարվելը։ Կրտսեր որդին մորը երբեմն խնդրում է ցույց տալ իրենց տան նկարները, ասում է՝ ուզում է գոնե նկարով իրենց տունը տեսնել։ Որդիների համադասարանցիներից ոմանք Մասիս քաղաքում են ապրում։ Երեխաները հաճախ են հանդիպում, հիմա ավելի շատ են կապված, ուզում են միասին ավելի շատ ժամանակ անցկացնել, խաղալ, խոսել։
Սոցիալական խնդիրները շատ են։ Արցախում Դիանայի երկու որդիներն ու ամուսինն աշխատանք ունեին, ինքն էլ երբեմն ժենգյալով հաց եւ բլիթներ էր թխում: Հիմա միայն ամուսինն է աշխատում (ավտոմեքենաներ է նորոգում)։ Երկու ավագ որդիները պետք է վարորդական իրավունք ստանան, իրենցը թողել են Արցախում՝ զորամասում, չեն կարողացել վերցնել։ Դիանան հույս ունի, որ որդիներն այստեղ նորը կստանան ու կկարողանան աշխատանքի անցնել։
«Ես էլ շատ կուզեի աշխատել, գոնե տանը բլիթներ ու ժենգյալով հաց թխել, բայց մեր այս բնակարանում պայմաններ չկան․ ո՛չ վառարան կա, ո՛չ նորմալ գազօջախ»,- ասում է Դիանան։
Ցավոք, հիմա սոցիալական խնդիրների պատճառով ո՛չ ուսանողուհի դուստրն է կրթությունը շարունակում, ո՛չ էլ երեք որդիներն են դպրոց հաճախում։ «Հագուստ ու գրենական պիտույքներ չկան։ Իհարկե, շատ են ուզում դպրոց գնալ, բայց դեռ հնարավորություն չկա»։ Հույս ունի, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը» գրենական պիտույքներ եւ հագուստ կտրամադրի։
«Պետությունից ես ու երկու երեխաներս ենք 100-հազարական դրամ ստացել։ 50-հազարական դրամն էլ դեռ չեն փոխանցել։ Դիմել ենք Միասնական սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոն, ասել են՝ առաջիկայում փոխանցումները կանեն. սպասում ենք»,- պատմում է Դիանան։
Նա հույս ունի, որ աշխատանք կգտնեն, ընտանիքի սոցիալական վիճակը կբարելավվի, եւ ամենակարեւորը՝ երեխաները վերջապես դպրոց կհաճախեն։
Դիանայի ընտանիքին աջակցելու համար կարելի է զանգել նրան հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 98 720 475։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։