Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ ԱՄՆ զինվորականներին եւ տեխնիկան Աֆղանստանից տեղափոխելու համար որպես տարբերակ են նշվում Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրները:
Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով այս տարածաշրջաններում զորքերի, անօդաչու թռչող սարքերի, ռմբակոծիչների եւ հրետանու վերատեղաբաշխումը, տարածաշրջանի երկրներում ռազմակայանների ստեղծումը հնարավորություն կընձեռեն շարունակելու Աֆղանստանում թալիբների նկատմամբ վերահսկողությունը՝ օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո խուսափելով խռովությունից:
Աֆղանստանում «Ալ Քաիդա»-ի կամ «Իսլամական պետության» նման մեկ այլ խմբավորման հայտնվելու հնարավորությունը սպառնալիք կդառնա ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար: ԱՄՆ-ի գործող զինվորականների եւ պաշտոնյաների կարծիքով Աֆղանստանին սահմանակից Ուզբեկստանը եւ Տաջիկստանը կապահովեին ամերիկացիների արագ թափանցումն Աֆղանստան:
Սակայն տարածաշրջանում Ռուսաստանի լուրջ ռազմական եւ Չինաստանի աճող ներկայությունը, Վաշինգտոնի հետ լարվածությամբ հանդերձ, բարդացնում են Կենտրոնական Ասիայում ռազմակայանների ստեղծման գործընթացը:
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Կենտրոնական Ասիայում ռազմակայաններ տեղակայելու մասին դեռեւս պաշտոնական հարցում չի արվել։ Պենտագոնը, Պետդեպը եւ Սպիտակ տունը շարունակում են քննարկումները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման հետ կնքած համաձայնագրով իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից։ Գործընթացը կավարտվի սեպտեմբերին: