Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումները չեն դադարում: Իրավիճակը գնալով ավելի դրամատիկ բնույթ է ստանում:
«Երկաթե գմբեթի» հովանու ներքո
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում եւ Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը:
Իսրայելի բանակի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հրթիռներից մեկը որսացել է «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը: Հայտնի է դարձել, որ հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ է վիրավորվել եւ բեկորային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումներն անպատասխան չեն մնա։
Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի պատասխան ավիահարվածներից Գազայի հյուսիսային հատվածում զոհվել է տասը պաղեստինցի, որոնց թվում՝ երեք անչափահաս։
Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը երկուշաբթի մինչեւ 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսայի եւ Շեյխ Ջարահի շրջանից:
Բախումների առիթն ու իրական շարժառիթը
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի վճռով պաղեստինցի ընտանիքներին այդ տարածքից վտարելու հավանականությունը։
Երկուշաբթի Երուսաղեմի օրը նշելու միջոցառումներն ու քաղաքի հին թաղամասերով երթերը լարվածության նոր առիթ են դարձել։
Բախումները սկսվել են մայիսի 7-ի գիշերը Ալ Աքսա մզկիթի մերձակայքում։ Մահմեդականների սրբազան Ռամադան ամսին Իսրայելի իշխանությունները սահմանափակել են հավատացյալների մուտքը Ալ Աքսա մզկիթ՝ լարվածության եւ բախումների տեղիք տալով։
Տաճարաց լեռան անդորրը
Մայիսի 10-ին Իսրայելում նշվում է Երուսաղեմի օրը, որը սահմանվել է Վեցօրյա պատերազմից հետո քաղաքի արեւելյան մասի Իսրայելի վերահսկողության տակ անցնելու պատվին: Այդ օրը Իսրայելի մայրաքաղաքում անցկացվում են դրոշներով ավանդական երթ եւ այլ միջոցառումներ: Մայիսի 10-ին բախումներից խուսափելու նպատակով ոստիկանությունը փակել է հրեաների մուտքի հնարավորությունը Տաճարաց լեռ:
Կարմիր Մահիկի ու ոստիկանական մահակի միջեւ
Երուսաղեմում Կարմիր Մահիկի ներկայացուցչությունը հայտնել է, որ մայիսի 10-ի առավոտյան Երուսաղեմում Տաճարաց լեռան վրա ալ-Աքսա մզկիթի մերձակայքում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 215 պաղեստինցի, ներառյալ Կարմիր Մահիկի աշխատակիցներ, չորս տուժածի վիճակը ծանր է:
Պաղեստինցիների եւ Իսրայելի ոստիկանության միջեւ բախումը գրանցվել էր մայիսի 8-ին Ալ Աքսա մզկիթի մոտ։ Մայիսի 10-ի առավոտյան անկարգությունները վերսկսվել են:
Հին քաղաքի շրջան են տեղափոխվել Իսրայելի ոստիկանության եւ սահմանապահ ոստիկանության հազարավոր մարտիկներ:
Ավելի վաղ պաղեստինյան Wafa գործակալությունը հայտնել էր, որ իսլայելական ոստիկանությունը խոշոր ուժեր է կենտրոնացրել մզկիթի շրջանում, դիպուկահարներ տեղաբաշխել դրա գավիթներում, ինչպես նաեւ արցունքաբեր օգտագործել՝ պաղեստինցիներին մզկիթի տարածքից հետ մղելու համար:
Արդեն չորրորդ օրը շարունակվող բախումներում տասնյակ ոստիկաններ ու հարյուրավոր պաղեստինցիներ են վիրավորվել։
Բախումների ընթացքում ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ եւ ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, պայթուցիկ շշեր եւ այլ առարկաներ։
Al-Quds թերթը, հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին, հայտնել է, որ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը այսօր արդեն հասել է 612-ի: Պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը հայտնել է, որ իսրայելացի ուժայինները հեռանում են Ալ Աքսայից պահեստային մուտքերից: Իսրայելի ոստիկանությունն էլ ավելի քան 12 վիրավոր ոստիկանի մասին է հայտնել։
Պաղեստինի կրոնի գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ոստիկանությունն առգրավել է ալ-Աքսա մզկիթի բոլոր բանալիները: Իսրայելի ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ ուժի կիրառումը պայմանավորված է եղել կարգուկանոնի հաստատմամբ։
Օգնության կոչ՝ ուղիղ եթերում
Պաղեստինի պետական հեռուստատեսության եթերում Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի հոգեւոր առաջնորդ Օմար ալ-Քեսվանին օգնություն է խնդրել իսլամական աշխարհից՝ «հրեա նորաբնակների եւ իսրայելցի ոստիկանների կողմից մզկիթի վրա գրոհելուց հետո»։ Մզկիթի տնօրենը նշել է, որ «ոստիկանությունն աննախադեպ բարբարոսական հարձակում է կատարել»:
Ալ Աքսա մզկիթը իսլամի սրբավայրերից մեկն է, որը Հին Երուսաղեմում է։ Այստեղ է նաեւ հրեաների սրբավայրերից մեկը՝ Տաճարի լեռը։
Հանդարտության կոչերը կրքերը չեն մարում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել դադարեցնել ագրեսիան Իսրայելի հանդեպ, Մեծ Բրիտանիան եւս կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը։
ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել, շեշտելով, որ Արեւմտյան ափին, Գազայում եւ Արեւելյան Երուսաղեմում բռնությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Նա ընդգծել է, որԳազայի տարածքից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունն անընդունելի է եւ ավելի է լարում իրավիճակը:
Ավելի վաղ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել էր Իսրայելի գործողությունները՝ հորդորելով առաջատար գերտերություններին Արեւելյան Երուսաղեմում ստեղծված կացության շուրջ շուտափույթ քննարկումներ նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմում շարունակվող բռնության կապակցությամբ եւ Իսրայելի իշխանություններին կոչ արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Գուտերեշը հավաստել է իր հանձանառությունը՝ աջակցելու պաղեստինցիներին եւ Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմերին, երկկողմ համաձայնագրերին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան:
Հարգելով սրբազան վայրերի ստատուս քվոն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները պետք է դրսեւորեն առավելագույն զսպվածություն եւ հարգեն խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործել ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալ բռնության եւ սադրանքի ցանկացած գործողության դեմ:
«Գլխավոր քարտուղարը խստագույնս հորդորել է պահպանել եւ հարգել սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել Է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին մտադիր է Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների ու իսրայելցիների միջեւ ապրիլի կեսից սկսված բախումների հարցով նիստ գումարել:
Զերծ մնալ սադրանքներից
Ֆրանսիան եւս մտահոգություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ լարվածությունն Արեւելյան Երուսաղեմում մեծ մտահոգություն է առաջացնում, կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից:
«Ֆրանսիան խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծությունները, որը միջազգային իրավունքի խախտում է»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Եռալեզու հորդոր, սպառնալիք եւ քաջալերանք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելին ահաբեկչական երկիր է անվանել, որը Երուսաղեմում հարձակվում է մահմեդական հավատացյալների վրա։ Էրդողանը Թվիթերում արաբերեն, եբրայերեն եւ թուրքերեն գրառում է արել՝ խստորեն քննադատելով Իսրայելի իշխանություններին։
Էրդողանն իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։ Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ Անկարան շարունակելու է զորակցել պաղեստինցիներին։
Բացի Էրդողանից՝ Իսրայելի գործողությունները դատապարտել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նաեւ թուրք ընդդիմադիրները
Իսրայելի գործողությունները դատապարտել են նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը այժմ գլխավորում է ընդդիմադիր «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» (DEVA) կուսակցությունը։
Հակաիսրայելական կոչերի առանցքը
Ստամբուլում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Քայլերթով Իսրայելի հյուպատոսարան եկած ցուցարարները բողոքել են հրեական ոստիկանության կողմից Երուսաղեմի Ալ Աքսայի մզկիթը գրոհելու պատճառով պաղեստինցիների հետ սկսված բախումների դեմ:
Ցուցարարները հավաքվել են Թուրքիայի «Իրավունքի ու ազատության, հումանիտար օգնության» հիմնադրամի ղեկավարի կոչով: Թուրքիայի ու Պաղեստինի դրոշներ ծածանող ցուցարարները հակաիսրայելական կոչեր են հնչեցրել:
ՑԱՀԱԼԸ պատասխան հարված է հասցնում
Կեսգիշերին հայտնի դարձավ, որ Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ), ի պատասխան Գազայի հատվածի կողմից Երուսաղեմի հրթիռակոծումների, սկսել է հարվածների ալիք հասցնել նրա ռազմական թիրախներին:
Մայիսի 11-ին օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտնել է, որ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ: Դրանցից մի քանի տասնյակը որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը: Իսրայելի ՊԲ-ն արմատականների 140 ռազմական թիրախ է խոցել հատվածում, ինչպես նաեւ ոչնչացրել է ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների շուրջ 15 գրոհայինների:
Իսրայելի հրթիռակոծման պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Ալ Քասամ բրիգադները»։ Պաղեստինյան «Իսլամական ջիհարդ» խմբավորումը նույնպես հաղորդել է Իսրայելին հարվածներ հասցնելու մասին։
Պատմական տեղեկանք
Արեւելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասը պատկանել է արաբ հողատերերի։ 1876-ին հրեական երկու հիմնադրամ գնել է թաղամասի մի մասը։
1948-ին ստեղծվում է Իսրայելի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի՝ Պաղեստինը հռչակվում է անկախ, եւ նրա տարածքում ստեղծվում են երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։ Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում է 14 000 քառ. կմ (Պաղեստինի տարածքի 56 %-ը) տարածք՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում է ՄԱԿ-ի կառավարմանը։
Իսրայելի՝ անկախ պետություն հռչակելուց անմիջապես հետո արաբական երկրները պատերազմ են հայտարարել նրան: Հորդանանը գրավել է Շեյխ Ջարահն ու այն բնակեցրել Իսրայելից փախած պաղեստինցի ընտանիքներով։ 1967-ի վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հետ է վերցրել տարածքն ու դրանից հետո տարիներ շարունակ փորձել տարածքն ազատել պաղեստինցիներից։
Շեյխ Ջարահի հարցն այժմ քննվում է Իսրայելի գերագույն դատարանում: Մայիսի 9-ին երկրի իրավաբանական խորհրդատուի խնդրանքով թաղամասի վտարված պաղեստինցի ընտանիքների՝ վճռի դեմ բողոքարկման լսումները դատարանը հետաձգել է 30 օրով:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը