Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ թեեւ ԱՄՆ-ն ու Իրանը ձգտում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնմանը, սակայն կողմերն իրարամերժ ընկալումներ են դրսեւորել հանձնառությունների վերստին իրագործման մասին, ինչը նկատելիորեն դանդաղեցրել է Վիեննայում բանակցային գործընթացը:
Իրանը ձգտում է պահպանելու միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տեղակայված միջուկային վառելիքի արտադրման արդիական սարքավորումները: Թեհրանը պահանջում է նաեւ 2015-ի ՀԳՀԾ համաձայնության շրջանակից դուրս ինտեգրվել համաշխարհային ֆինանսական համակարգին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր հերթին համոզված է, որ նախկին ՀԳՀԾ համաձայնության վերականգնումը վերջնական արդյունքին հասնելուն նպատակաուղղված քայլ է, ուստի հակված է կնքելու պայմանագիր, որում կներառվեն այլեւայլ հարցեր: Սակայն Իրանը մերժել է ԱՄՆ-ի այդ պահանջը:
ՀԳՀԾ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներն անցած երեք շաբաթվա ընթացքում համախմբվել են Վիեննայում համաձայնությունն ակտիվացնելու եւ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին ԱՄՆ-ի հավանական վերադարձը քննարկելու նպատակով: